Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բաղրամյան Հովհաննես Քրիստափորի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Իջևանի Ակնաղբյուր գյուղում տարիներ առաջ կայծակնահար ընկավ դարավոր մի կաղնի, որին ժողովուրդը Զորավարի կաղնի էր ասում: Պատմում էին, թե այդ կաղնին տնկել էր զորավար Վարդան Մամիկոնյանը հազար հինգ հարյուր տարի առաջ։ Հաղթանակից վերադարձած մի ուրիշ մեծանուն զորավար, Սովետական Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը ընկած ծառի տեղում մի ուրիշ կաղնի տնկեց։ Հիմա այն մեծացել ու տարածել է իր լայն ճյուղերը և առաջվա նման Զորավարի կաղնի է կոչվում... Այդ ծառը երկու հայրենասեր զորավարների սիրո և նվիրվածության երդումն էր մայր հողին ու հարազատ ժողովրդին: Երկաթուղայինի որդին ստացավ երկաթուղայինի կրթություն բայց.. 1914 թ. սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Արյունարբու Թուրքիան կռվի մեջ էր մտել Ռուսաստանի դեմ։ Արևմտյան Հայաստանից ահավոր լուրեր էին հասնում հայերի նկատմամբ թուրքերի վայրագությունների մասին: Ընդամենը տասնութ տարեկան էր Հովհաննեսը, որ կամավոր բանակ գնաց` կռվելու իր ժողովրդի փրկության համար: Այդ օրվանից էլ սկսվեց նրա զինվորական մեծ ծառայությունը, որը տևեց շուրջ յոթ տասնյակ տարի... Առաջին հայկական հեծյալ գնդի շարքերում որպես դասակի հրամանատար կռվող Հովհաննես Բաղրամյանը Կարսի մոտ գտնվող Խորասան գյուղում հանդիպեց ազգային հերոս Անդրանիկին, որի պայծառ կյանքն ու սխրանքները նվիրական դպրոց եղան նրա համար (զորավար Անդրանիկի մասին դուք կարող եք կարդալ «Հայ ազգային ազատագրական շարժումներ» զրույցում): Թուրքերը գրավեցին Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը (Լենինական), ապա հասան մինչև Սարդարապատ (Հոկտեմբերյան): Սկսվեց Սարդարապատի հերոսամարտը, որին մասնակցում էր նաև Հ. Բաղրամյանը: Այս օրհասական կռիվը մեր ժողովրդի համար նույն մեծ նշանակությունն ունեցավ, ինչ դարեր առաջ ունեցել էր Ավարայրի ճակատամարտը, որի մասին դուք կարող եք կարդալ «Վարդան Մամիկոնյան» զրույցում Հայ ժողովուրդը մեծ ցնծությամբ տոնում էր իր հաղթանակը: Բայց Սարդարապատում հաղթելուց հետո էլ ծանր էր մնում հայ ժողովրդի դրությունը: Նրա համար բախտորոշ նշանակություն ունեցավ 1920 թ. նոյեմբերը՝ Հայաստանում հաստատվեց սովետական իշխանություն։

Հ. Բաղրամյանը կամավոր մտավ կարմիր բանակի շարքերը։ 1923 թ. նա հայկական հրաձգային դիվիզիայի հեծյալ գնդի հրամանատար էր։ Մի քանի տարի անց նրան ուղարկեցին Մոսկվա՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում սովորելու։ Այնուհետև ուսանում է Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում և ավարտում այն 1938 թ.։ Նրան պահում են նույն ակադեմիայում դասախոսական աշխատանքի, բայց հին ռազմիկը բանակ էր ձգտում։ Նա նշանակվում է Կիևի զինվորական օկրուգի 12-րդ բանակի շտաբի պետ։

Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Հայրենիքը ֆաշիստներից պաշտպանելու համար ոտքի ելավ սովետական ողջ Ժողովուրդը Հ. Բաղրամյանը մասնակցեց Կիևի համար մղված մարտերին, կռվեց Դոնի Ռոստովի համար, եղավ Մոսկվան պաշտպանող հարավ-արևմտյան զորքերի շտաբի պետ, իսկ 1942 թ. արդեն որպես 16-րդ բանակի հրամանատար մասնակցեց Կուրսկի ահեղ կռիվներին։

1943 թ. Բաղրամյանը նշանակվում է Առաջին մերձբալթյան ռազմաճակատի 209 հրամանատար, ստանում բանակի գեներալի աստիճան։ Նրա գլխավորած զորքերը մասնակցեցին Բելոռուսիայի և մերձբալթյան հանրապետությունների ազատագրմանը։ 1944 թ. Բաղրամյանին շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։

Պատերազմը մոտենում էր ավարտին, Սովետական զորքերն արդեն կռվում էին հենց թշնամու հողում։

Հայրենական պատերազմի պատմության մեջ ոսկե տառերով է գրված Քյոնիգս–բերգ (այժմ Կալինինգրադ) քաղաքի՝ Արևելյան Պրուսիայի պաշտպանության ամրացված միջնաբերդի մոտ տարած դժվարին հաղթանակը։ Ֆաշիստները քաղաքն ամրացրել էին կրկնակի պատնեշով, երկաթբետոնե պատերով, ստեղծել խրամատների մի քանի շարք։ Նրանք պարծենում էին, թե ոչ մի ուժ, ոչ մի զորավար չի կարող գրավել քաղաքը։ Բայց Հ. Բաղրամյանը, որ այս անգամ գլխավորում էր Երրորդ բելոռուսական ռազմաճակատի զորքերը, ընկճվողներից չէր։ Նա հրամայեց պատրաստել Քյոնիգսբերգ քաղաքի մանրակերտը։ Եվ երբ սկսվեց գրոհը, ոչ միայն յուրաքանչյուր հրամանատար, այլև յուրաքանչյուր մարտիկ գիտեր իր անելիքը։ Հ. Բաղրամյանի ռազմական տակտիկայի շնորհիվ մեր զորքերը չորս օրում գրավեցին անառիկ համարվող այդ ամրոց-քաղաքը։

1945 թ. մայիսի 9-ին ավարտվեց պատերազմը Գերմանիան պարտվեց։ Ավարտվեց նաև բանակի գեներալ, Սովետական Միության հերոս Հ. Բաղրամյանի կյանքի պատերազմական շրջանը, որը նրա համար տևել էր ուղիղ 1418 լարված և անքուն օրեր ու գիշերներ։

1955 թ. Հ. Բաղրամյանը արժանացավ Սովետական Միության մարշալի բարձր կոչման, իսկ ծննդյան 80-ամյակի առթիվ նրան շնորհվեց Սովետական Միության հերոսի երկրորդ ոսկե աստղը։ 1981 թ. նրա ծննդավայր Կիրովաբադ քաղաքում (Ադրբեջանական ՍՍՀ) կանգնեցվեց հերոսի բրոնզե կիսանդրին։ Ականավոր զորավարի կուրծքը զարդարում էին նաև Լենինի՝ յոթ, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի երեք, Սուվորովի 1-ին աստիճանի երկու, Կուտուզովի 1-ին աստիճանի, սոցիալիստական տարբեր երկրների շքանշաններ ու մեդալներ։

1967 թվականից ամեն ամառ Ղրիմի Արտեկ ճամբարում սկսվում են «Փայլակ» ռազմամարզական խաղերը։ Խաղի սկսվելուց առաջ պիոներները միշտ տողանիեն կանգնում: Տարիներ շարունակ այդ շքերթը ընդունում էր «Փայլակի» գլխավոր հրամանատար, Սովետական Միության մարշալ Հ. Բաղրամյանը։ Կանգնում էր նա մեծ ու հաղթանդամ, տարիներից ու աշխատանքից մի քիչ հոգնած, բայց աչքերում սեր ու խանդաղատանք, և ընդունում էր պիոներների զեկույցը։ Եվ «Մի՛շտ պատրաստ» զնգուն պատասխանը լսելով, ժպտում էր մարշալը, ուրախանում, որ պաշտպանել է այս և հազարավոր այլ մանուկների երջանիկ ապագան։ Նրա սիրելի Հայաստանի մայր հողում հայրենի ջինջ, պայծառ ու խաղաղ երկնքի տակ ապրում է Զորավարի կաղնին՝ նրա կյանքի հավերժության կանգուն խորհրդանիշը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։