Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Յոհան Սեբաստիան Բախ

Vikidia-ից
(Վերահղված է Բախ Յոհան Սեբաստիանից)
Johann Sebastian Bach.jpg

Բախ ազգանունը կրող երաժիշտների տոհմը շատ հին է: Դեռևս 16-րդ դարում հացթուխ Ֆայտ Բախը ինքնամոռաց ցիտրա էր նվագում, քանի դեռ ջրաղացը չխկչխկալով ցորեն էր աղում: Հաջորդ բոլոր Բախերը նույնպես երաժիշտներ էին։ «Երաժշտական» այդ ազգանունը լայնորեն հայտնի էր ամբողջ Գերմանիայում: Դրա համար էլ, երբ ծնվեց Յոհան Սեբաստիան Բախը, ոչ ոք չէր կասկածում, որ նա երաժիշտ կդառնա։ Ճիշտ է, այն ժամանակ ոչ մեկը չէր կարող մտածել անգամ, որ Սեբաստիանն իր երաժշտության մեջ մարմնավորելու է այն ամեն լավագույնը, որ կուտակել էր ոչ միայն Բախերի հռչակավոր տոհմը, այլև` գերմանական ողջ ժողովուրդը: Վաղ որբացած Սեբաստիանի ուսուցիչը նրա ավագ եղբայր Քրիստափորն էր։ Քառասուն տարի անընդմեջ նա նվագում էր միևնույն երգեհոնը` կատարելով միևնույն բազմաձայն օրհներգը: Նրա անվրդով տեսքը կարող էր վրդովել ուզած մարդուն, այն աստրճան չոր ու մանրախնդիր մարդ էր, որ նրա դասավանդած երաժշտությունը ատել միայն կարելի էր։ Բայց Սեբաստիանը լինում էր նաև ուրիշ Բախերի ընտանիքներում և գիտեր, որ ավագ եղբոր տաղտկալի վարժություններից զատ կա բոլորովին այլ մի երաժշտություն, և ամբողջ հոգով ձգտեց դեպի այն։ Երբ տանը մարում էին մոմերը և եղբայրը խոր քուն էր մտնում, Սեբաստիանը խարխափելով մոտենում էր հսկա պահարանին, ուր թաքնված էր «իսկական երաժշտությունը»։ Տղան ձեռքը խցկում էր երկաթե վանդակորմից ներս, ոլորում նոտաներն ու դուրս բերում։ Ամիսներ շարունակ նա լուսնի լույսի տակ աչքերը ցավեցնելու աստիճան արտագրում էր այդ նոտաները և ընդմիշտ փչացրեց տեսողությունը: Մի անգամ Քրիստափորը պատահմամբ Սեբաստիանին բռնեց «հանցանքի» վայրում և խլեց նոտաների տետրը: Հուսակտուր աղաչանքներն ու արցունքներն էլ չօգնեցին: Եվ միայն 25 տարի անց, եղբոր մահից հետո տետրը վերադարձրին Սեբաստիանին: Բայց այն նրան այլևս պետք չէր: Ինքնուրույն կյանքը Սեբաստիանն սկսեց 15 տարեկանից։ Իբրև երգիչ աշխատում էր երգչախմբում, ջութակահար էր նվագախմբում և երգեհոնահար եկեղեցում: Իսկ ազատ ժամերին երաժշտություն էր հորինում։ Սակայն նրա երաժշտությունն այն ժամանակվա հասարակությանը դուր չէր գալիս: Արիստոկրատները չէին ըմբռնում նրա ստեղծագործությունների խորությունն ու լրջությունը։ Իսկ եկեղեցականները գտնում էին, որ այդ երաժշտությունը չափից ավելի կենսաթրթիռ, մարդկային և հուզիչ է։ Մինչդեռ Սեբաստիան Բախը, չնայած կյանքի դժվարություններին, չէր պատրաստվում հաճոյանալ ո՛չ եկեղեցականներին, ո՛չ էլ արիստոկրատներին։ Նա ստեղծեց երաժշտական բազմաթիվ ստեդծագործություններ։ Դրանցից ամենախոշորներն են օրատորիաներն ու կանտատները, երգչախմբի, մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի համար, մեսսաները, եկեղեցական երգչախմբային երգասացությունները, սյուիտները, չորս հակադիր մասերից կազմված երաժշտական ստեղծագործությունները, որոնց հիմքում ընկած է պարային երաժշտությունը, պրելյուդները, պիեսներ, զանազան նվագարանների համար, ֆուգաները, շատ բարդ բազմաձայն ստեղծագործություններ, տոկատաները արագատեմպ, հատուկ պիեսներ երգեհոնի համար։ Հարյուրավոր, հազարավոր անկրկնելի մեղեդիներ

Հետնորդները ևս անմիջապես չգնահատեցին այդ հոյակապ գանձերը։ Բախի մահից հետո մոտ հարյուր տարի ոչ ոք չէր հիշում նրա երաժշտությունը։ Առաջինն այն կրկին կյանքի կոչեց գերմանացի կոմպոզիտոր Մենդելսոնը։ Այդ պահից Բախի ստեղծագործությունները հաստատուն տեղ գրավեցին յուրաքանչյուր երաժշտի նվագացանկում։ Մեծահասակ երաժիշտները չէ միայն, որ կատարում են դրանք։ Աշխարհի բոլոր երաժշտական դպրոցներում երեխաները սովորում են նվագել Բախի փոքրիկ պիեսները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։