Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բալետ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
«Կարապի լիճը»

Հնչում է Պյոտր Իլյիչ Չայկովսկու հրաշալի երաժշտությունը և անմիջապես աչքիդ առջև հառնում է Կարապի լուսավոր կերպարը, նրա թախծալի և հպարտ թևածումը: Իսկ կարապի թևերն այդ պարուհու թրթռացող ձեռքեր են: Չայկովսկու «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Շչելկունչիկ» բալետներում վերակենդանանում է վսեմ մի աշխարհ՝ լուսեղեն քնարականության, ռոմանտիկայի, սիրո աշխարհը։ Նրա մասին պատմվում է պարի օդեղեն ու բոցավառ լեզվով: Ամեն մի բալետ ունի իր մեծ թեմա–գաղափարը: Եվ բոլոր նրանք, ովքեր բալետ են գրում ու ստեղծում, այդ միտքն արտահայտում են յուրովի. կոմպոզիտորները` երաժշտությամբ, բալետմայստերները` հերոսների պարային «լեզվով»: Չայկովսկին «Քնած գեղեցկուհին» բալետի երաժշտության մեջ դիցանուշներ Սիրենայի և Կարաբոսի կերպարներում մարմնավորել է բարու և չարի պայքարի հավերժական թեման: Երաժշտության մեջ հնչում է բարու հաղթանակի լուսավոր հիմնը: Ս. Ս. Պրոկոֆևը «Մոխրոտը» բալետում փառաբանել է Մոխրոտիկի անարատությունն ու հմայքը, որն իր համեստությամբ, աշխատասիրությամբ ու բարությամբ հաղթահարում է բոլոր ձախորդությունները: Արամ Խաչատրյանը «Սպարտակ» բալետում ցասկոտ խարազանում է բռնությունն ու չարությունը և խանդավառ գովերգում ազատության հերոսական ձգտումը, հանուն նրա ժողովրդի գործած սխրանքի գեղեցկությունն ու վեհությունը: Ուրեմն, ի՞նչ է բալետը: Դա երաժշտաթատերական արվեստի բարդ տեսակ է: Նրա գլխավոր բաղկացուցիչ մասերն են սցենարը, երաժշտությունը և պարերը։ Պարը բալետի գեղարվեստական արտահայտչական գլխավոր միջոցն է: Պարի միջոցով պատմվում է բալետի բովանդակությունը, պարուհիներն ու պարողները պարով բացահայտում են գործող անձանց բնավորությունը, նրանց մտքերը, զգացմունքները, տրամադրությունն ու արարքները: Բալետում կարևոր նշանակություն ունեն նաև դեկորացիան, զգեստները, լուսավորությունը, որոնք ընդգծում են գործողության ժամանակն ու տեղը։

Ռուսական բալետի պատմության մեջ հետաքրքրաշարժ շատ էջեր կան: Նրա ակունքները ժողովրդական մերթ վեհ ու սահաքայլ, մերթ չարաճճի ու կրակոտ պարերի մեջ են: Բալետային ներկայացումները, ուր պարն ու երաժշտությունը միասնություն են կազմում, Ռուսաստանում սկսել են բեմադրվել 18-րդ դարի առաջին կեսից։ Իսկ 19-րդ դարում ռուսական բալետը տիպար դարձավ ողջ աշխարհի բալետի համար: Դրա համար այն շատ է պարտական հիանալի բալետմայստերներ Մ. Ի. Պետիպային և Մ. Մ. Ֆոկինին: Նրանց ստեղծագործական մտահղացումները մարմնավորել են փառաբանված պարուհիներ Ա. Պավլովան, Տ. Կարսավինան, պարողներ Վ. Նիժինսկին, Վ. Տիխոմիրովը և շատ ուրիշներ։ Այս մեծ ժառանգության հիմքի վրա էլ աճեց ռուսական հրաշալի բալետը: Մեր երկրում և արտասահմանում հսկայական հաջողությամբ են անցնում բալետային խմբերի և առանձին մենակատարների ելույթները։ Աշխարհի շատ երկրներում են սքանչանում ռուսական բալետի արտիստների վարպետությամբ, նշում նրանց տեխնիկական կատարելությունը, իմաստավորված ու ոգեշնչված կատարումը։

Բալետի զարգացման գործում մեծ ավանդ ունի հայ մեծատաղանդ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Նրա «Գայանե» և «Սպարտակ» բալետները հայտնի են նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Նա է ստեղծել հայկական առաջին ազգային բալետը։ Հայ կոմպոզիտորները բալետներ են ստեղծել նաև ձեզ համար: Դրանցից են, օրինակ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինոն», Գևորգ Մելիք Մուրադյանի «Կարմիր գլխարկը», Էմմա Միհրանյանի «Աբու Հասանի մաշիկները» և այլ բալետներ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։