Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բաթիսկաֆ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մինչև հատակը մնում է 50, 45, 40..., -բարձրախոսից լսվում է հեռավոր ձայնը: Կապիտանի կամրջակին կանգնած մարդիկ ուշադրությամբ լսում են: Օվկիանոսի վրա սահում են ամպերը, զով քամին ալիքների կատարներից փրփուր է պոկում: Իսկ այնտեղ, ներքևում, խավարի և լռության մեջ, ծովի խորխորատն է իջնում բաթիսկաֆը` խորջրյա նավը («բաթիսկաֆ» հունարեն է և բառացի նշանակում է «խոր նավ»): Այն նման է սուզանավի, բայց նրա երկարավուն իրանը լցված է ոչ թե օդով, այլ բենզինով։ Օդն այստեղ պիտանի չէ. մեծ խորություններում ջրի հսկայական ճնշումը պահածոյի տուփի նման կճզմեր բաթիսկաֆը: Իսկ բենզինը ջրի ճնշմանը լավ է դիմանում և ջրից էլ թեթև է։ Ուստի բենզինով լի իրանը բաթիսկաֆի համար լողան է։ Օդ կա միայն բաթիսկաֆի ստորին մասում` ամենաամուր պողպատից պատրաստված գնդում, ուր նստած են մարդիկ։ Չորս և կես ժամ առաջ սեղմվեց «վայրէջք» կոճակը, և բաթիսկաֆը, բալաստի ծանրության տակ, սկսեց ավելի ու ավելի խորասուզվել ջրի մեջ։ Հաստ ապակու ետևում վաղուց մարել է ցերեկվա լույսը: Լուսարձակի պայծառ ճառագայթների մեջ լողում են խորջրյա արտասովոր ձկները: Վերջապես նրանք էլ անհետացան: Եվ ահա լուսարձակը լուսավորեց տղմոտ հատակը: Մենք անդունդի հատակին ենք,- միկրոֆոնով հայտնում է հետազոտողներից մեկը: Դանդաղորեն հանդարտվում է բաթիսկաֆի բարձրացրած տիղմի ամպը։ Այժմ հարկավոր է ամեն ինչ ուշադիր զննել, լուսանկարել, չափել ջրի ջերմաստիճանը, հատուկ հարմարանքով տիղմի փորձանմուշ վերցնել։ Դրանից հետո միայն սեղմվում է «վերելք» կոճակը։ Բաթիսկաֆը դեն է նետում բալաստը և սկսում է լողալ վեր, նորից դեպի արևը, դեպի մարդիկ, դեպի օվկիանոսի ազատաշունչ քամին: Դա 1960 թ. էր: Շվեյցարացի գիտնական Օգյուստ Փիքարի ստեղծած «Տրիեստ» բաթիսկաֆը իջավ Մարիանյան անդունդի` Խաղաղ օվկիանոսի ամենախոր տեղերից մեկի, հատակը։ Ծովային սպա Դոն Ուոլշը և գիտնականի որդին՝ Ժակ Փիքարը, հասան 10 919 մ խորության: Խորության ռեկորդը սահմանված էր: Բայց ավելի փոքր խորություններում էլ շատ բան պետք է հետազոտել: Եվ նորից դեպի ծովի խորքերն են գնում գիտության նավերը: Դրանց մեջ է «Սևերյանկա» սովետական սուզանավը։ Սա չի կարող այնքան խորը սուզվել որքան բաթիսկաֆը։ Դրա փոխարեն «Սևերյանկայով», ինչպես սովորական սուզանավով, կարելի է նավարկել երկար ու հեռու: Ծովի կյանքը դիտելու համար այնտեղ կան դիտապատուհաններ և հեռուստացույց։ «Սևերյանկա» սուզանավի օգնությամբ սովետական գիտնականները բազմաթիվ հետաքրքիր հայտնագործություններ են կատարել:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։