Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բադմինթոն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Այս գեղեցիկ խաղը ժամանակին հափշտակությամբ խաղացել են Ռուսաստանում և անվանել ֆրանսերեն «վոլան» բառով, որ նշանակում է «թռչող»: Բայց այդ խաղը Եվրոպա է մուտք գործել Արևելքից։ Անցյալ դարում անգլիացի մի դուքս այն բերեց Հնդկաստանից: Դքսի կալվածքը Բադմինթոն քաղաքի մերձակայքում էր, և այդ խաղն սկսեցին այդպես էլ անվանել: Մենք՝ հայերս, այն կոչում ենք փետրագնդակ: Բադմինթոնը նման է թենիսի: Խաղում են նույնպիսի հարթ և ամուր տոփանած խաղահրապարակում։ Բադմինթոնի ձեռնաթիակները 2—3 անգամ ավելի թեթև են, քան թենիսինը: Մրցակիցներին իրարից բաժանող ցանցը ձգվում է գետնից 155 սմ բարձրությամբ։ Զուգախաղի համար խաղահրապարակ 13.4x6.1 մ է, մենախաղի համար` 13.4x5.2 մ: Մրցակիցներից մեկը փոքրիկ փետրագնդակը ձեռնաթիակի հարվածով նետում է ցանցի վրայով, իսկ մյուսը, թույլ չտալով, որ այն գետնին դիպչի, ետ է մղում: Միավորները հաշվում են ինչպես վոլեյբոլի խաղի ժամանակ` մինչև 15-ը։ Կանայք և երեխաները խաղում են մինչև 11-ը. խաղը բաղկացած է լինում 3 կամ 5 փուլից: Առաջ փետրագնդակի դեր էր կատարում խցանից պատրաստված փոքրիկ գնդակը, որը ճախրում էր վրան պսակաձև ցցված սագի 16 փետուրների շնորհիվ: Այժմ փետրագնդակները պատրաստում են պլաստմասսայից փոքրիկ զամբյուղիկների ձևով: Հմուտ խաղացողը կարողանում է այնպես հարվածել փետրագնդակին, որ այն մերթ սահուն ցած է իջնում, մերթ էլ հանկարծակի ընկնում այնտեղ, ուր երբեք չէիր սպասի։ Եվ խաղն էլ ընթանում է գրավիչ, եռանդուն ու արագ։ Ցանկության դեպքում կարելի է խաղալ ուզածդ փոքրիկ բացատում, մարգագետնում, լողափին: Բադմինթոնը Հայաստանում տարածվել է 1960 թ.: