Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բաբուշկին Իվան Վասիլևիչ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1873-1906

…Ծանր էր խանութպանի մոտ ծառայելը․ բավական է նստեր, մեկ էլ լսվում էր սպառնալից ձայնը՝ «Վանկա՛, Վանկա՛»։ Տղան ցնցվում էր և շեշտակի նետվում խանութպանի, գործակատարի, գնորդների հանձնարարությունները կատարելու։

Թախիծով էր նա հիշում Լեդենսկոյե գյուղը, ուր անցել էր նրա մանկությունը, մահացել էր հայրը, և որտեղից մայրն ընտանիքով տեղափոխվել էր Պետերբուրգ։

Տասնչորս տարեկանում Վանյա Բաբուշկինը փախավ խանութպանի մոտից և աշակերտ վարձվեց Կրոնշտադի նավահանգստի արհեստանոցներում, հետո էլ փականագործ դարձավ Պետերբուրգի գործարաններից մեկում։

Մի անգամ ընկերը Բաբուշկինին թռուցիկ տվեց կարդալու։ Այնտեղ խոսվում էր անարդար կյանքի մասին։ Գործարանատերերը ոչինչ չեն անում, բայց ճոխ են ապրում, մինչդեռ բանվորներն օրնիբուն աշխատում են հաստոցների մոտ, բայց շատ քիչ են վաստակում և միշտ կարիքի մեջ են։ Այդ թռուցիկը Բաբուշկինին ստիպեց այլ աչքերով նայելու կյանքին։ Նա տարվեց ընթերցանությամբ, սկսեց հաճախել բանվորների համար բացված կիրակնօրյա դպրոց, ուր դասավանդում էր Ն․ Կ․ Կրուպսկայան։ Մի անգամ ռուսաց լեզվի դասին Բաբուշկինը գրեց պարզ նախադասության հետևյալ օրինակը․ «Շուտով մեր գործարանում գործադուլ է լինելու»։ Դասից հետո ուսուցչուհին բացատրեց նրան, որ իսկական հեղափոխականը պետք է զգույշ լինի և կարողանա այնպես հանդես գալ, որ չընկնի ոստիկանության ձեռքը։

Շուտով Բաբուշկինը դարձավ Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ գործող «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միություն» գաղտնի կազմակերպության առաջին մասնակիցներից։ Ընկերների հետ միասին Բաբուշկինը գրում էր հեղափոխական կոչեր, բանվորներին ներգրավում ընդհատակյա խմբակներում, Լենինին օգնում կազմակերպելու «Իսկրա» թերթը, տարածում այն բանվորների շրջանում, անձամբ հոդվածներ գրում «Իսկրա»–ին։ Ժանդարմները գտան Բաբուշկինի հետքը և ձերբակալեցին նրան։ Ընկերները կարողացան բանտախուց ուղարկել մի փոքրիկ սղոց։ Փականագործի ճարպիկ ձեռքերն անաղմուկ սղոցեցին վանդակաձողը։ Եվ ահա Բաբուշկինը ազատության մեջ է։

Նա հասավ Լոնդոն, հանդիպեց Լենինին, որն այդ ժամանակ ապրում էր արտասահմանում։ Սակայն հանգիստը երկար չտևեց։ Բաբուշկինը գաղտնի անցնում է Ռուսաստան, որպեսզի նախապատրաստի հեղափոխությունը։ Եվ նորից բանտ է ընկնում։

1905 թ. հեղափոխությունը Իվան Վասիլևիչին ազատեց Յակուտիայի աքսորից։ Նա կրկին գլխովին տարվում է հեղափոխական աշխատանքով, զինված ապստամթություն նախապատրաստում Իրկուտսկում։ Այն գնացքը, որով նա ընկերների հետ 1906 թ Չիտայից զենք էր փոխադրում Իրկուտսկի հեղափոխական բանվորների համար, բռնեցին պատժիչները։ Բոլշևիկները չմատնեցին հեղափոխական գաղտնիքը և չհայտնեցին իրենց ազգանունները։

«Նրանք մեռան հերոսների նըման…», - ասել է Վ․ Ի․ Լենինը։

Նշանավոր հեղափոխական Ի․ Վ․ Բաբուշկինի մասին դուք կարող եք կարդալ «Товарищ Богдан» պատմվածքը հետևյալ գրքում․

Раевский Ю. М․, Государственный Тимка, Л., «Дет․ лит․», 1969․

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։