Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բաբաջանյան Համազասպ Խաչատուրի

Vikidia-ից

Ո՞ւմ մտքով կարող էր անցենլ, թե պատանի Համազասպին, որը հեռավոր Չարդախլու գյուղից (Ադրբեջանական ՍՍՀ֊ում) եկել էր ընդունվելու Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցը, զինվորական մեծ ապագա է սպասում։ Նա փոքրամարմին էր ու վտիտ։ Դպրոցի պետը չէր ուզում ընդունել։ Բայց տղան համառեց։ Ընդունեցին և «Ծիտիկ» մականունը տվեցին։ «Սուվորովն էլ էր թուլակազմ ու վտիտ,֊ասում էր նա,֊բայց տեսա՞ք, որ ֆելդմարշալ դարձավ»։ 1927 թ․ Համազասպը գերազանց ավարտեց դպրոցը։ Նորավարտ սպան դառնում է դասակի, հետո՝ վաշտի, գումարտակի հրամանատար։ 1941 թ․ հունիսի 22֊ին նա Սմոլենսկում 19֊րդ բանակի օպերատիվ բաժնի պետի տեղկալան էր, երբ ֆաշիստական Գերմանիան ուխտադրժորեն հարձակվեց Սովետական Միության վրա։ Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Առաջին իսկ մարտերում նա աչքի ընկավ և դարձավ 127-րդ հրաձգային դիվիվիզիայի գնդի հրամանատար։ Ֆաշիստները «Վագր» և «Հովազ» տանկերից բաղկացած մոտ 19 դիվիզիա էին կուտակել Կուրսկ֊Բելգորոդի ուղղությամբ։ Արդեն տանկային բրիգադի հրամանատար, գնդապետ Հ․ Բաբաջանյանը պետք է ճեղքեր այդ պաշտպանությունը և գրավեր Կազատին քաղաքը։ Հմուտ և արի հրամանատարը որոշեց քաղաքը գրավել գիշերով։ Նա հրամայեց վառել բոլոր տանկերի, զրահապատ ինքնագնացների լույսերը, միացնել բոլոր շչակներն ու ազդանշանները։ Շլացնոզ լույսերով քողարկված, ահարկու շաչյունով ու կրակոցներով տանկերը քաղաք մտան։ Հետագա մի քանի օրում Բաբաջանյանը ազատագրեց բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր։ Նրա տանկերը մոտ հարյուր հիսուն կիլոմետր խորացան թշնամու թիկունքը։ Զորահրամանատարի այդ ահաբեկիչ ճեղքումները «բաբաջանյանական ռեյդեր» անվանվեցին։ 1944 թ․ ապրիլին գնդապետ Հ․ Բաբաջանյանին շնորհվեց Սովետական Միության հերոսի բարձր կոչումը։ Նույն թվականի օգոստոսին մարտերից մեկի ժամանակ նա ծանր վիրավորվեց։ Խիզախ տանկիստ Պոլտորակը հրամանատարին դուրս բերեց այրվող մեքենայից և, պառկեցնելով թիկնոց վրանին, երեք կիլոմետր քարշ տալով, նրան թիկունք հասցրեց։ Ապաքինվելուց հետո Հ․ Բաբաջանյանը պահանջեց իրեն նորից գործող բանակ ուղարկել։ Վիլնյուսից մինչև Գդինյա նրա տանկերը մարտերով անցան ավելի քան հազար հինգ հարյուր կիլոմետր ճանապարհ։ «Կգա այն օրը, երբ մենք կհարցնենք, թե քանի կիլոմետր է մնացել մինչև Բեռլին», դեռևս 1941 թվականին ամռանն ասում էր Հ․ Բաբաջանյանն իր մարտիկներին։ Այդ բաղձանքն իրականացավ։ Եկավ այդ օրը։ Մեր զորքերը շրջապատեցին Բեռլինը։ գիշեր ու ցերեկ սովետական հրետանին ու ավիացիան գնդակոծում էին քաղաքը։ 1945 թվականի մայիսի 2-ին Հ․ Բաբաջանյանի տանկերը վերջին հանազարկը տվեցին Ռայխստագի մոտ։ Հայ քաջորդու անձնուրաց, հերոսական ծառայությունը բարձր գնահատեց սովետական կառավարությունը։ 1975 թ․ Սովետական Միության հերոս, գեներալ֊գնդապետ Հ․ Բաբաջանյանին շնորհվեց զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի պատվավոր կոչում։ Բաբաջանյանը սովետական զորավարների համաստեղության փայլուն դեմքերից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։