Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Vikidia-ից
Վարդգես Սուրենյանց, Արա Գեղեցիկ և Շամիրամ

Աշխարհի շատ ժողովուրդներ բույսերի, հատկապես հացաբույսերի ծլումն ու ծաղկումը, փթթումն ու պտղավորումը՝ գարնանն ու ամռանը, և հունձն ու չորանալը՝ աշնանն ու ձմռանը, պատկերացրել են գեղեցիկ աստծու ծնվելու, մեռնելու և հարություն առնելու գաղափարով։ Ըստ այդ պատկերացման՝ աստվածը ծնվում է, դառնում մի աստվածուհու սիրո առարկա, ապա մեռնում կամ էլ սպանվում այդ աստվածուհու կամքով, բայց և նորից հարություն առնում, վերակենդանանում։

Այս հին հավատալիքն ու պատկերացումն են ընկած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելի հիմքում։ Գեղեցիկ Արան Հայաստանի թագավորն էր, Շամիրամը՝ Ասորեստանի թագուհին։ Վերջինս, լսելով Արայի գեղեցկության մասին, պատգամավորներ է ուղարկում նրա մոտ, խնդրում գալ Ասորեստան, ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը։ Արան մերժում է Շամիրամին։ Մի քանի անգամ իր խնդրանքը կրկնելով և միշտ մերժում ստանալով՝ Շամիրամը զայրացած մեծ զորքով գալիս է Հայաստան՝ Արային գերելու։ Մի մեծ դաշտում, որն, ըստ ավանդության Արայի անունով կոչվել է Այրարատ, ճակատամարտ է տեղի ունենում Շամիրամի և Արայի զորքերի միջև։ Ճակատամարտից առաջ Շամիրամն իր զորապետներին պատվիրել էր չսպանել Արային, այլ բռնել ողջ-ողջ։ Բայց կռվի ժամանակ Արան սպանվում է, Շամիրամը փնտրում գտնում է Արայի դիակը, տանում դնում է իր ապարանքի աշտարակում և հայտնում Արայի սպանության վրեժն առնելու համար կռվի ելած հայոց զորքին, թե ինքը հրամայել է արալեզներին՝ կենդանացնելու Արային։ Ըստ հայկական դիցաբանության, արալեզները (կամ հարալեզները) շնակերպ ոգիներ էին, որոնք լիզելով մարտում ընկած քաջերի վերքերը, կենդանացնում էին նրանց։ Հին Արևելքի մի շարք ժողովուրդների, ինչպես և հայերի հացահատիկի ու հացաբույսերի աստվածությունն է, որը հին հայկական զրույցներում դարձել է պատմական անձնավորություն, հայոց Արամ թագավորի որդին և հաջորդը։ Արայի անունով է կոչվել ինչպես Այրարատ աշխարհը, այնպես էլ Արայի լեռը, Արագածը և Արայի գյուղը։ Իսկ Շամիրամը հին սեմական ժողովուրդների՝ Իշտար, Աստարտե, Ատարգատիս, Դերկետո անուններով հանդես եկող սիրո աստվածուհու դուստրն է, որը հայերի մեջ դարձել է պատմական անձնավորություն՝ Ասորեստանի թագուհի և Արայի սիրահար։

Շամիրամի մասին հնում գոյություն են ունեցել տարբեր զրույցներ, նրա անունով են կոչվել Վան քաղաքը՝ Շամիրամակերտ, Վանի ջրանցքը՝ Շամիրամի առու։

Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելը հայերի մեռնող և հարություն առնող աստծու առասպելն է՝ պատմական գույն ու երանգ ստացած։ Իսկ Արա Գեղեցիկը բուսական աշխարհի, հատկապես հացաբույսերի անընդհատ մահացման ու վերակենդանացման բնական երևույթի անձնավորումն է։

Մեր պատմահայր Մովսես Խորենացու գրի առած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը վաղուց ի վեր դարձել է շատ գրողների, նկարիչների և կոմպոզիտորների ներշնչման աղբյուր։ Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թեքեյանը, Գևորգ Էմինը գրել են բանաստեղծություններ, Նաիրի Զարյանը՝ ողբերգություն, Գրիգոր Եղիազարյանը՝ համանուն բալետ, իսկ Վարդգես Սուրենյանցը այդ թեմայով ստեղծել է մի հիանալի նկար, որի արտատպությունը դուք տեսնում եք։