Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ատլանտիդա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Athanasius Kircher's Atlantis.gif

Հին հույն գիտնական Պլատոնը մեզ թողել է բանաստեղծական մի ավանդություն վիթխարի մի կղզու մասին, որն իբր շատ հազարամյակներ առաջ գտնվում էր Ատլանտյան օվկիանոսում, Ջիբլարթարի նեղուցից արևմուտք։

Այդ հարուստ և գեղեցիկ կղզում իբր, ինչպես պատմում է ավանդությունը, ստեղծվել էր ծովերի աստված Պոսեյդոնի հետնորդների ռազմատենչ թագավորների մեծ ու ահեղ տերությունը։ Ամենաավագ թագավորը տիրում էր ամբողջ կղզուն․ նրա անունն էր Ատլանտ։ Նրանից էլ ծնունդ են առել կղզու Ատլանտիդա և ողջ օվկիանոսի Ատլանտյան անվանումները։

Կղզու կենտրոնում բարձր լեռան վրա հին քաղաքն էր՝ Պոսեյդոնի հիասքանչ տաճարով, որը դրվագված էր ոսկով, արծաթով և մարմարով։ Քաղաքի շուրջը ջրի և ցամաքի լայն օղակաձը շերտեր Էին։ Ցամաքաշերտերը միանում էին կամուրջներով, իսկ ջրաշերտերը մինչև ծով հասնող լայնակի ջրանցքներով այնպես, որ նավերը կարող էին նրանցով ընդհուպ մոտենալ քաղաքի պարիսպներին:

Հրաշագեղ կղզին ծաղկում էր ու բարգավաճում: Բայց ահա աստվածները զայրացան ատլանտների վրա, հողն սկսեց ցնցվել, լեռները ժայթքում էին ծուխ ու կրակ, և «մեկ աղետալի օր ու գիշերում» Ատլանտիդան ընկղմվեց ծովի տակ։ Չքացան ատլանտները, չքացան հզոր թագավորները, և մնաց միայն ավանդությունը: Պլատոնն ասում է, որ ինքն այն լսել է իր պապից, իսկ սա էլ իր հերթին՝ եգիպտական քրմերից: Բայց Եգիպտոսի պատմության մեջ ոչ մի տեղ հիշատակություն չկա Ատլանտիդայի մասին։ Գոյություն ունեցել է այն արդյոք: Կամ գուցե դա Պլատոնի բանաստեղծական հնարանքն է: Ավանդությունով հիացած որոշ գիտնականներ շատ կցանկանային գտնել Ատլանտիդայի հետքերը։ Նրանք ասում են, որ այնտեղ, ուր գտնվում էր հեքիաթային կղզին, կան ցամաքի ոչ շատ վաղուց ջրի տակ իջնելու հետքեր: Բայց արդյո՞ք Ատլանտիդան է այդ ցամաքը։ Ավելի քան 500 տարի առաջ Մեքսիկայում ացտեկների հին պետությունում, կային հրաշալի քաղաքներ` նկարագրությամբ նման Ատլանտիդային ջրի ու ցամաքի շերտերով, կամուրջներով ու ջրանցքներով: Այդ քաղաքները տեսել են իսպանացի նվաճողները, որոնք ոչնչացրին հնդկացիների ողջ հնագույն մշակույթը: Բայց, այ թե ինչն է հետաքրքիր: Պարզվում է, որ ացտեկները, մայաները, ինկերը մի ընդհանուր ավանդություն ունեն ինչ որ սպիտակամորթ մորուքավոր մարդկանց մասին, որոնք նրանց բերեցին իրենց զարգացած մշակույթը, իսկ հետո դարձյալ ծովով հեռացան դեպի արևելք: