Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ավիցեննա

Vikidia-ից

Ավիցեննա (Մոտ 980–1037) Աբու Ալի Հուսեյն իբն Աբդալլահ իբն Սինա այսպես է նրա լրիվ անունը, պարսիկ բժիշկ և փիլիսոփա, վաղ միջնադարի խոշորագույն գիտնականներից մեկը։ Նրա անունը նշանակում է Սինայի որդի Աբդալլահի որդի Հուսեյն, որ հայրն է Ալիի Բուխարայում և Սամարղանդում, Խորեզմում և Նիշապուրում նրան կոչում էին Աբու Ալի իբն Սինա։ Եվրոպացիները Նրան անվանել են Ավիցեննա: Հայ մատենագրության մեջ հայտնի է Սինայի որդի, Իբն Սինա կամ Աբու Ալի իբն Սինա անունով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ նույնիսկ ամենակրթված մարդիկ հավատում էին, որ Երկիրը տափակ է ու անշարժ, որ «փիլիսոփայական քարի» օգնությամբ կարելի է ոսկի ստանալ, որ գոյություն ունի մարդկանց բոլհր հիվանդությունները բուժող, ծերերին երիտասարդացնող «անմահական ջուր»: Այնպիսի գիտություններ, ինչպես աստղագիտությունը, աշխարհագրությունը, ֆիզիկան, քիմիան, դեռևս «խանձարուրում» էին:

Եվ ահա պատկերացրեք մի ոչ թե ծերունազարդ գիտնականի, այլ կրթված պատանու, որը չի վախենում բարձրաձայն հայտարարել, որ ոսկին անհնար է ստանալ այլ մետաղներից, որ մարդու բանականությունը կապված է ոչ թե նրա «հոգու», այլ ուղեղի հետ, որ հիվանդություններն առաջանում են ոչ թե ինչ-որ համաստեղություններից, այլ կեղտոտ առուներում բնակալող մանր էակներից, որ կախարդանքն անհեթեթություն է: Նա համարձակվում է անգամ ասել, որ ինքը` ամենակարող աստվածն իսկ ամենազոր չէ: Տաս տարեկանում արդեն Իբն Սինան գիտեր հանրահաշիվ, երկրաչափություն և նույնիսկ, փիլիսոփայություն, կարող էր թվարկել և ցույց տալ բոլոր համաստեղությունները, իսկ իր հարցերով շփոթության մեջ էր գցում ուսուցիչներին: Դժվար է հավատալը, բայց Բուխարայում տասներկուամյա պատանուն օրենքների լավագույն գիտակ էին համարում: Նրա մոտ խորհրդի էին գալիս ծերերը: Սակայն մաթեմատիկան և ֆիզիկան, աստղագիտությունն ու փիլիսոփայությունը Իբն Սինային կյանքից կտրված էին թվում։ Չորս կողմը մոլեգնող ժանտախտն ու ծաղիկը մարդկային հազարավոր կյանքեր էին խլում: Եվ Իբն Սինան վճռեց, որ ինքը պետք է բժիշկ դառնա:

Այդ ժամանակ արևելյան փորձառու բժիշկներն անգամ երբեք չէին տեսել մարդու սիրտը, լյարդը, թոքերը, ոչինչ չգիտեին արյան շրջանառության համակարգի մասին, որովհետև մահմեդականության կրոնական ուսմունքը մահվան սպառնալիքով արգելում էր դիահերձումը: Իբն Սինան հասկանում էր, որ անհնար է մարդուն բուժել կուրորեն։ Եվ նա խախտեց մահմեդականության արգելքը` ենթարկվելով անարգանքով օտար երկրներ վտարվելու վտանգին։ Նա սկսեց հերձել մեռածներին և ուսումնասիրել մարդու մարմնի կառուցվածքը: Եվ ահա զարմանալի պատանի բժշկի մասին արդեն խոսել սկսեցին Բուխարայում և Խորեզմում, ամեն տեղից նրան էին դիմում տառապյալները, իմանալով, որ անպայման կօգնի: Շատերն էին ուզում նրա աշակերտը դառնալ։ Իբն Սինան սովորեցնում էր ոչ միայն բժշկելու, այլև` մարդուն կարեկցելու արվեստը:

Բժշկագիտության իր փորձը և փիլիսոփայության հանրահաշվի, աստղագիտության ու քիմիայի վերաբերյալ հարուստ գիտելիքները նա շարադրել է «Գիրք ապաքինության», «Կանոն բժշկության» և «Գիրք գիտության» աշխատություններում: Գրականության մեջ անգամ նա հետք է թողել իր «քառյակներով»։

Նա ծանոթ է եղել Դավիթ Անհաղթի գործերին, իսկ միջնադարյան հայ բժշկագետներ Մխիթար Հերացին, Ամիրդովլաթ Ամասիացին բարձր են գնահատել նրա բժշկագիտական հայացքները և նրան համարել «մեծ իմաստասեր»: