Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աստղագիտություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Whirpool Galaxy.jpg
Halebopp031197.jpg

Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները, աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Նրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը: Եվ մարդիկ սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժումները: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ գիտությունն այն օրենքների մասին, որոնց ենթարկվում են երկնային մարմինների շարժումներն ու զարգացումը:

Շատ դարեր պահանջվեցին պարզելու համար, թե երկնային մարմինների որ շարժումներն են իրական և որը միայն թվացող։ Օրինակ մեզ թվում է, թե Արեգակը ծագում է, շարժվում երկնքում և մայր է մտնում, իսկ իրականում Արեգակի շուրջը պտտվում է մեր Երկիրը։ Մինչև 16-րդ դարը համարյա բոլորը համոզված էին, թե Երկիրն անշարժ է և գտնվում է Տիեզերքի կենտրոնում, իսկ երկնային մարմինները պտտվում են Երկրի շուրջը: 16-րդ դարի լեհ մեծ գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը և նրա հետևորդներն ապցուցեցին, որ Տիեզերքն իրականում շատ ավելի բարդ է: Երբ 17-րդ դարի սկզբին ստեղծվեց հեռադիտակ աստղադիտակը, որը հնարավորություն է տալիս մանրամասն դիտելու և ուսումնասիրելու երկնային մարմինները, պարզվեց, որ Արեգակն իր ծավալով ավելի քան միլիոն անգամ մեծ է Երկրից, իսկ աստղերը նույնպիսի շատ ջերմ, ինքնալուսարձակող գազային գնդեր են, ինչպես և Արեգակը: Սակայն աստղերը փոքրիկ և աղոտ են երևում, որովհետև մեզանից անհամեմատ ավելի հեռու են, քան Արեգակը: Եթե տիեզերական հրթիռը Արեգակին կարող է հասնել վեց ամսում, ապա նրա թռիչքը դեպի ամենամոտ աստղը կտևի շուրջ 130 000 տարի:

Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են նաև սեփական լույս չունեցող այլ մոլորակներ: Լուսինը սեփական լույս չունեցող գունդ է և լուսավորվում է Արեգակից։ Այն իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է Երկրից: Լուսինը պտտվում է մեր մոլորակի շուրջը և այդ պատճառով էլ կոչվում է Երկրի բնական արբանյակ: Արբանյակներ ունի նաև մյուս մոլորակների մեծ մասը։

Երկնային մարմինները դիտում, իսկ ապա դիտման արդյունքները մշակում ու վերլուծում են աստղադիտարաններում և ինստիտուտներում տիեզերագնացության հայրենիքում, աստղագիտությունն ամենաարագ զարգացող գիտություններից է աստղադիտարանները հագեցված են բարդ սարքերով ու գործիքներով, հզոր աստղադիտակներով ու ռադիոաստղադիտակներով:

Տիեզերական բազմաթիվ ապարատներում տեղադրված են աստղադիտական սարքեր, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրելու Տիեզերքը Երկրի մթնոլորտի սահմաններից դուրս։ Մթնոլորտը, որը կլանում է երկնային մարմիններից եկող բազմաթիվ ճառագայթներ, այդտեղ տիեզերական ուղեծրերում, դիտումներին չի խանգարում։ Ահա թե ինչու տիեզերական ապարատների օգնությամբ Տիեզերքի վերաբերյալ ստացվող տվյալները հատկապես արժեքավոր են: