Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ասեղնագործություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ախալցխացի հայ կնոջ տարազի գոգնոցի նուրբ ասեղնագործութիւն մոտիկից, 19-րդ դար։

Հայկական լեռներում բքաշունչ ձմեռ է: Գյուղական տան թոնրի շուրջ նստոտած երեխաներն ականջ են կախել տատի հեքիաթին։ Երբեմն-երբեմն երդիկից, որ հին տներում լույսի միակ աղբյուրն էր, վար են սահում ձյան ճերմակ, գեղեցիկ փաթիլները, իջնում պարզած ափերին և տեղնուտեղն էլ հալչում։ Եթե հնարավոր լիներ պահել այդ փաթիլները, նրանցով զարդարել տունը, զգեստները: Արագ-արագ ասեղնագործող տատը ժպիտով ընդհատում է երեխաների ափսոսանքի ճիչերը և ցույց տալիս նրբակար անկրկնելի զարդանախշեր: Դրանցից ամեն մեկն ասես իջնող փաթիլն է, որն ասեղի ու թելի հմուտ ու հնարամիտ խաղով անմահություն է ստացել..

Ասեղնագործությունը գալիս է հնուց: Սկզբում մարդիկ օգտագործել են բույսի փշերից կամ ձկան ոսկորից, ապա փայտից, փղոսկրից, այնուհետև մետաղից պատրաստված ասեղներ: Ասեղնագործությամբ զբաղվել են դեռևս հին աշխարհի մի շարք ժողովուրդներ, իսկ ամենահայտնի կենտրոնը եղել է Բաբելոնը:

Ասեղնագործությունը շատ զարգացած է եղել Հին Հայաստանում: Այն ավելի է տարածված եղել, քան գորգագործությունն ու կարպետագործությունը մասին դուք կարող եք կարդալ նաև «Գորգ» զրույցում)։ Հայուհին ասեղնագործ իրերով զարդարել է իր տունը, իսկ կարիքի դժվար օրերին պահպանել իր ընտանիքի գոյությունը: Հայկական ասեղնագործ իրերի կարելի է հանդիպել ամենուրեք, ուր ճակատագիրը նետել է հայերին:

Ասեղնագործությունը դեկորատիվ արվեստի այն տեսակն է, երբ ասեղի (երբեմն հելունի) կամ ասեղնագործող մեքենայի օգնությամբ բազմազան թելերով ու բազմապիսի կարերով պատկերներ են ստեղծում զանազան գործվածքների կաշվի, թաղիքի վրա: Ասեղնագործելիս օգտագործում են նաև ուլունքներ, մարգարիտ, թանկագին քարեր, ոսկեթելեր, արծաթաթելեր դրամներ և այլն։

Դարերի ընթացքում հորինվել ու մշակվել են ասեղնակարերի տեսակներ, որոնք շատ բարդ են և միայն հատուկ վարպետների մենաշնորհն են եղել: Ասեղնագործության մեջ օգտագործվում են մի շարք այնպիսի զարդանախշեր ու զարդանկարներ, որոնք մեզ ծանոթ են գորգարվեստից քարի ու փայտի լիորագրությունից, ոսկերչությունից, խեցեգործությունից:

Ասեղնագործված հին պատառիկներ են հայտնաբերվել Անի քաղաքի պեղումներից։ Դրանք ոսկեթել ասեղնագործության կատարյալ նմուշներ են։ Անիում գտնված մի դիպակի ոսկեթել ասեղնանկարը պատկերում է մայր առյուծին կորյունի հետ: Մայր առյուծի մարմինը հատում է կենաց ծառը, որը հնում խորհրդանշել է կյանքի հարատևությունը:

Կենաց ծառը ասեղնագործության հիմնական մոտիվներից է: Նրա հարյուրավոր պատկերումներ կգտնեք կենցաղի հետ կապված բոլոր իրերի, զգեստների, սրբիչների, գոգնոցների, սփռոցների, վարագույրների վրա: Ժողովուրդը հավատում էր, որ կենաց ծառի պատկերումը կհեռացնի բոլոր փորձանքները, միշտ արթուն կպահի կենարար ուժերը։ Նույնքան հատուկ վերաբերմունք է եղել յուրաքանչյուր զարդանախշի նկատմամբ: Օրինակ օձանախշերին վերագրվել է ինչպես արգասաբեր, բարի, այնպես էլ չար հատկություն։

Զարդանախշեր կան, որոնք արված են ժողովրդական բանահյուսությունից ծանոթ հեքիաթների և երգերի մոտիվներով:

Ասեղնագործված իրերն անթիվ են: Գյուղական վայրերի ասեղնագործությունը մոտ է կարպետների, գորգերի նախշերին ավելի պարզ է, բայց շատ արժեքավոր ավանդական խորիմաստ զարդանախշերի շնորհիվ: Հին Հայաստանի մի շարք գավառների տարազը զարդանախշերի իսկական գանձարան է, որտեղ պահպանված են հայկական արվեստի ուրարտական շրջանից եկող հնագույն տարրեր:

Հայ պատմիչները և գրողները հիացմունքով են խոսում եկեղեցական ասեղնագործ վարագույրների, իշխանական հանդերձների մասին:

Տարբեր ժամանակներում մշակված տառատեսակները և նրանց ասեղնագործական բազմազան եղանակները հայ գրերի պատմության զարգացման մեջ մի ինքնուրույն էջ են կազմում։ Ժամանակին մի քանի հայաշատ վայրերում (Թիֆլիս, Կոստանդնուպոլիս, Տրապիզոն) լույս են տեսել ասեղնագործության հատուկ տետրեր, ուր հայկական այբուբենը ներկայացված է գեղարվեստական բազմազան ձևավորումներով:

Հայկական ասեղնագործությունը հայ արվեստի կարևոր տեսակներից է հայ կնոջ տաղանդի, անխոնջ աշխատասիրության ապացույցը: Այն հիմա էլ մեծ տեղ ունի ժողովրդի կենցաղում: Ասեղնագործության գաղտնիքները բացահայտող ձեռնարկները, պիոներ-դպրոցականների պալատներում գործող խմբակները օգնում են, որ նոր սերունդները չմոռանան իրենց տատիկների ու մայրերի արվեստը: