Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Առած և ասացվածք

Vikidia-ից

Ժողովրդի բանավոր և գրավոր խոսքում հաճախ են հանդիպում սեղմ ու պատկերավոր ասույթներ։ Դրանք կազմված են մի քանի բառից կամ մեկ-երկու նախադասությունից և ունեն ամփոփ ու ավարտուն միտք: Ժողովրդական բանահյուսության այս տեսակները կոչվում են առածներ և ասացվածքներ։ Առածներն ու ասացվածքները և՛ նման են իրար, և՛ տարբերվում են իրարից: Առածներն ունեն փոխաբերական իմաստ, իրենց բովանդակած միտքն արտահայտում են ոչ թե ուղղակի, այլ անուղղակի ձևով, կյանքից ու բնությունից վերցրած օրինակներով ու պատկերներով: Օրինակ «Գեղ կանգնի, գերան կկոտրի», «Ասեմ բոց կըլնի, չասեմ խոց կըլնի», «Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց»: Առածներից առաջինում գյուղի ոտքի կանգնելու և գերանը կոտրելու պատկերով անուղղակի արտահայտված է այն գաղափարը, որ եթե ժողովուրդը միանա, մեծ գործեր կարող է կատարել: Երկրորդում այն միտքն է արտահայտված, որ եթե ճշմարտությունը բացահայտ ասվի, ապա դրանից անախորժություն կստացվի, իսկ եթե բարձրաձայն չասվի և մարդն իր մեջ պահի, ապա դրանից էլ ինքը հանգիստ չի ունենա։ «Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց» առածում փոխաբերաբար ընդգծված է այն գաղափարը, որ մի լավ բան անելու նպատակով մարդ ակամա կարող է վնասել եղած լավն ու առավել կարևորը։

Ի տարբերություն առածների՝ ասացվածքներում միտքն արտահայտվում է ուղղակի ձևով, առանց այլաբանության։ Այսպես «Շատ մի սիրի ատել կա, շատ մի ատի սիրել կա», «Համբերությունը կյանք է», «Ուշ լինի, նուշ լինի», «Ով կարդա, նա մարդ ա»։ Առածներն ու ասացվածքներն ունեն ընդհանրացնող իմաստ։ Դրանք ժողովրդի կենսափորձի վրա հիմնված իմաստուն եզրակացություններ են: Այդ պատճառով էլ առածներն ու ասացվածքները կոչվում են նաև «ժողովրդական իմաստություններ», «մեծանաց խոսքեր»: Յուրաքանչյուր նոր սերունդ իր նախնիների իմաստուն ասույթները սովորում է, յուրացնում, միաժամանակ ինքն էլ նոր իմաստություններ է ստեղծում և հների հետ ավանդում հաջորդ սերունդներին: Եվ այդպես շարունակ։ Առած-ասացվածքները հորինվում ու սերունդներին են ավանդվում թե՛ բանավոր խոսքով և թե՛ գրի ու գրքերի միջոցով: Իսկ առանձին հեղինակների ստեղծած և գրով ավանդված ասույթները թևավոր խոսքեր են: Առածներն ու ասացվածքները, թևավոր խոսքերը ասելիքը ավելի դիպուկ, պատկերավոր ու գեղեցիկ են դարձնում: