Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անդրանիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
AndranikOzanian.jpg

Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում։ 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա։ 1891 թ-ին անդամագրել է հնչակյան կուսակցությանը շուրջ մեկ տարի անց՝ ՀՀԴ-ին, որից վերջնականապես հեռացել է 1917 թ-ին։ 1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին։ Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր։ Համագործակցել է Դժոխք Հրայրի,Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ։

Աղբյուր Սերոբի սպանությունից (1899 թ․) հետո Տարոնում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել են Անդրանիկն ու Դժողք Հրայրը։ Անդրանիկի համբավը տարածվել է հատկապես 1901 թ-ի նոյեմբերի՝ Մշո Սբ Առաքելոց վանքի և 1904 թ-ի օգոստոսի՝ Աղթամարի կռիվներից հետո։ 1904 թ-ի վերջին եղել է Իրանում ու Այսրկովկասում․ հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ, 1914-20 թթ-ին Թիֆլիսում մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ։

1905-06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթաթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա։ 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը։ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության առաջարկը։

1912-13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար՝ Գարեգին Նժդեհ) մարտնչել թուրքական զորքերի դեմ։ Առաջին աշխարհամարտի (1914-18 թթ․) սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի (1200 զինվոր) հրամանատար։ Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը (1915 թ-ի ապրիլ) և Բիթլիսի ազատագրումը։ 1917 թ-ին նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Արևմտահայերի 1-ին համագումարը (մայիսի 2-11), ընտրվել է համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, 1917-18 թթ-ին հրատարակել է «Հայաստան» թերթը (խմբագիր Վահան Թոթովենց)։ 1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան և նշանակվել Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար։ Ռազմաճակատի կազմալուծման և թուրքական գերակշիռ ուժերի հակահարձակման պայմաններում Անդրանիկն իր ջոկատով նահանջել է Սարիղամիշ-Կարս-Ալեքսանդրապոլ ուղղությամբ։

1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումումստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝ Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները։ Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ Հայաստանից։ Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը։

Անդրանիկը պատգամել էր իր աճյունը Հայաստան տեղափոխել, որի համաձայն՝ 1928 թ-ին այն նախ տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, ապա 2000 թ-ին՝ Երևան և ամփոփվել Եռաբլուրում։

Անդրանիկի անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ, կանգնեցվել են հուշարձաններ, նրա մասին հյուսվել են ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծությւոններ։