Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անդերսեն Հանս Քրիստիան

Vikidia-ից
HCA by Thora Hallager 1869.jpg

Վաղուց, ավելի քան հարյուր տարի առաջ, շոտլանդական փոքրիկ հյուրանոցի սենյակներից մեկում միջին տարիքի, հեզաբարո մի ուղևոր մոռացել էր իր ձեռնափայտը։ Հյուրանոցի տերը ձեռնափայտին ամրացրեց «Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենին» երկտողը և ձեռնափայտը տարավ փոստ: Փոստն ընդունեց այդ կարճ հասցեով ծանրոցը և այն հասցրեց մոռացկոտ ճամփորդին: Որովհետև այն ժամանակ արդեն ամբողջ աշխարհը գիտեր այդ արտասովոր մարդու ազգանունը։

Վաղ մանկությունից սկսած և ամբողջ կյանքում մեզ հետ ապրում են Անագե տոկուն զինվորիկն ու սիրելի Մատնաչափիկը, Անճոռնի բադիկն ու այն տղան, որը միակն էր, որ ի լուր մարդկանց բացականչեց ճշմարտությունը` թագավորըը մերկ է։ Աշխարհում, հավանաբար, քիչ երեխաներ կան, որ չեն ճանաչում Անդերսենի հեքիաթների հերոսներին: Այդ հեքիաթներում կա այն ամենը, ինչը մշտապես պետք է ապրի իսկական, լավ մարդու մետ. հարցանք դեպի քաջությունը, բարություն և կարեկցանք բոլոր նրանց հանդեպ, ովքեր դժվարին կացության մեջ են, սեր հասարակ մարդկանց նկատմամբ, ծաղր և արհամարհանք պարծենկոտների ու անսիրտների հանդեպ։ Այդ հեքիաթներում կողք-կողքի ապրում են լացն ու ծիծաղը, վիշտն ու ուրախությունը, ինչպես լինում է իրական կյանքում: Անդերսենը մեծ հեքիաթասաց էր և շատ լավ էր հասկանում, որ ամենահրաշապատում հեքիաթն անգամ պետք է արտացոլի կյանքը: Իսկ կյանքն այդ արտասովոր մարդը լավ գիտեր:

Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805 թվականի ապրիլի 2-ին փոքրատարած Դանիայի Օդենսե փոքրիկ քաղաքում: Նրա հայրը աղքատ կոշկակար էր, և հեքիաթագրի մանկությունն անցավ մի համեստ տան մեջ։ Այստեղ ապագա գրողը կարող էր տեսնել այն ամենը, ինչ հետագայում կենդանություն առավ և իմաստավորվեց նրա հեքիաթներում և անագե հին գդալից պատրաստված զինվորիկը, և կարկատանի ասեղը, և արկղում տեղավորված այն պարտեզը, որ հետո հայտնվեց «Ձյունե թագուհին» հեքիաթում։ Կոշկակարի ընտանիքը, աշխարհի բոլոր աղքատ մարդկանց նման, դժվարությամբ էր ապրուստ վաստակում։

Հանս Քրիստիանը 12 տարեկանից ստիպված էր աշխատել մահուդի ֆաբրիկայում։ Սովորելու հնարավորություն ուներ միայն երեկոները աղքատների անվճար դպրոցում։ Բայց նա սովորում էր, սովորում էր եռանդով, ազատ ժամերին գրքեր էր կարդում միայն ու հեքիաթներ լսում։ Աշխարհում նա ամենից շատ հեքիաթներ էր սիրում։ Եվ նա որոշեց գրող դառնալ ու հեքիաթներ գրել։ Դա հեշտ բան չէր բայց Հանս Քրիստիանը նույնքան տոկուն ու համառ էր, որքան նրա Անագե զինվորիկը։ Իսկ հեքիաթներում նա բոլորին ճշմարտությունն էր ասում ինչպես մերկ թագավորի մասին հեքիաթի տղան։ Անդերսենը դարձավ աշխարհի բոլոր երեխաների, ուրեմն նաև բոլոր մարդկանց, հավատարիմ ընկերն ու բարի խորհրդատուն։ Չէ՞ որ բոլոր մեծահասակներն էլ երբեմնի երեխաներ են։ Եվ Անդերսենի հեքիաթները միայն երեխաների համար չէ, որ գրված են։ Դրանք շատ իմաստուն ու խոր մտքեր են պարունակում և միշտ էլ, մինչև խոր ծերություն, մեծ ուրախություն են պատճառում մարդկանց. Անդերսենի հեքիաթները հայերեն թարգմանությամբ լույս են տեսել մի քանի անգամ։