Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անասուններին բուժող մարդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Նիրհած Աֆրիկայի Երկնքով թռչում է մի մեծ թռչուն: Նա առաջ է շարժվում զգուշորեն, որովհետև մեջքին նստած է ողջ Աֆրիկայի համար ամենաանհրաժեշտ, ամենացանկալի մարդը։ Հեռավոր Լիմպոպո գետի ափին նրան են սպասում հիվանդ կապիկները. այդ մարդու անունն է, այո՛ այո՛, բժիշկ Այբոլիտ: Բժիշկ Այբոլիտն ամենահայտնի անասնաբույժն է աշխարհում։ Նա ապրում է Կ. Ի. Չուկովսկու հիանալի գրքի էջերում և անում նույնը, ինչ բոլոր անասնաբույժները` կենդանիներ է բուժում: Այդ բարի, հետաքրքիր և շատ անհրաժեշտ մասնագիտությունն ամենահներից է երկրի վրա: Մեզ հասած հնագույն գրքում ուրիշ մասնագիտությունների կողքին, հիշատակվում են «ձիու բժիշկները»։ Նրանք ծառայում էին թագավորական ախոռներում կամ ձիեր բուծող ազնվականների մոտ, իսկ պատերազմների ժամանակ ուղեկցում հեծելազորին: «Ձիու բժիշկներն», անշուշտ, միայն ձիերին չէ, որ բուժում էին: Համաճարակների ժամանակ, երբ վտանգ էր առաջանում, որ վարակիչ հիվանդությունները հիվանդ կենդանիներից կարող են փոխանցվել մարդուն, նրանք բուժում էին ոչխարներին, կովերին, խոզերին և նույնիսկ, հավերին: Հին Հայաստանում անասնաբուժությամբ զբաղվում էին քրմերը, հովիվները, հեքիմները, իսկ ավելի ուշ՝ պայտարները: Հայաստանում հիվանդ կենդանիների բուժման մասին առաջին գրքերը` բժշկարանները, որոնք կազմված են մագաղաթե ձեռագիր էջերից, ունեն 800—900 տարվա պատմություն։ Այդ բժշկարաններից շատերը պահպանվում են Մատենադարանում: Ռուսաստանի անասնաբույժների մասին պատմող առաջին ձեռագիր գիրքը ավելի քան չորս հարյուր տարեկան է: Այդ ժամանակից շատ բան է փոխվել այդ մասնագիտության տեր մարդկանց կյանքում և աշխատանքում։ Այժմ կան զանազան կաբինետներ ունեցող անասնաբուժական պոլիկլինիկաներ, անասնաբուժարաններ: Կենդանիների բուժման գործին օգնում են ճշգրիտ սարքերն ու լավ դեղերը: Անասնաբույժի «խնամարկյալներն» էլ շատ տարբեր են. քաղաքներում` կատուներ, շներ, ազնվասարեկներ, երաշտահավեր, աղավնիներ, գյուղերում` կովեր, խոզեր, ոչխարներ, ձիեր կամ ընտանի թռչուններ: Անասնաբույժներ աշխատում են նաև արգելանոցներում, ուր բազմացնում և ուսումնասիրում են գազաններին, և կենդանանաբանական այգիներում: Այնտեղ նրանք, ճիշտ բժիշկ Այբոլիտի նման, չափում են արջի մարմնի ջերմությունը, լուծողական տալիս վագրին կամ թրջոց դնում կապկին: Մեր օրերի անասնաբույժները ոչ միայն բուժում են հիվանդ կենդանիներին, այլև հետևում են առողջներին, պաշտպանում նրանց հիվանդություններից, պատվաստումներ անում հիվանդությունները կանխելու համար: Իսկ եթե որևէ կենդանի որևէ տեղ հիվանդանում էլ է, անասնաբույժն անպայման օգնության է հասնում: Եթե պետք լինի, նույնիսկ Աֆրիկա էլ կթռչի, միայն ոչ թե թռչնի մեջքին նստած, այլ` ինքնաթիռով: