Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անապատ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Sahara satellite hires.jpg
Takirs of Karakum Desert.jpg
Atacama.png

Անապատները Երկրի շոգ ու չորային շրջաններն են։ Աշխարհի ամենաընդարձակ անապատներն Են Սահարան՝ Աֆրիկայում, Վիկտորիա Մեծ անապատը՝ Ավստրալիաում, Ատակաման՝ Հարավային Ամերիկայում։ Մեր երկրում ավազային ամենամեծ անապատը՝ Կարակումն ու Կզըլկումը, գտնվում են Միջին Ասիայում։ Անապատներում բույսերն ու կենդանիները հարմարվել են խոնավության պակասին, անամպ երկնքում շողացող կիզիչ արևին, սորուն ավազներին։ Կարակում անապատում ամռանը ստվերում շոգը հասնում է համարյա 50 աստիճանի։ Ավազն այնպես է շիկանում, որ նրա մեջ կարելի է ձու եփել:

Անապատային շատ բույսեր ապրում են միայն տարվա հով եղանակներին, վաղ գարնանը կամ ուշ աշնանը, երբ խոնավությունն ավելի շատ է։ Վաղ գարնանն ավազաթմբերի բարխանների ստորոտները մի քանի շաբաթ վերածվում են ծաղկուն մարգագետինների. անապատային վառ կարմիր կակաչները կարճլիկ բոշխի կանաչ ֆոնի վրա բազմագույն գորգ են հիշեցնում։Արեգակի կիզիչ ճառագայթներից տարբեր կերպ են փրկվում անապատի բնակիչները: Նրանցից շատերը գիշերային կյանք են վարում: Ցերեկն այդ կենդանիները թաքնվում են խոր, զով բներում։ Ցերեկային կենդանիներն աշխուժանում են միայն վաղ առավոտյան, քանի դեռ ավազը չի շիկացել: Ահա բարխանի կատարին արձանի նման անշարժ կանգնել է կլորագլխիկ մողեսը։ Նա համաչափ շարժում է վեր ոլորած պոչը և ուշադիր հետևում որսին` մանր բզեզների, թիթեռների: Այստեղ կարող ենք հանդիպել խոշոր վարանին՝ անապատի ամենամեծ մողեսին որի երկարությունը մեկ մետրից ավելի է: Այդ «անապատի կոկորդիլոսը» ավազամկներ է որսում: Գարնանը հյուսիս չվելու ճանապարհին անապատում շատ թռչուններ են կանգ առնում, իսկ դեղձանագույն սերինոսները, անտառային սոխակները, շահրիկ փնթփնթանները այստեղ ճտեր Են հանում: Կեսօրին մոտ անապատն ասես մեռնում է։ Բայց իրիկնամուտին կյանքն անապատում վերակենդանանում է: Եթե մայրամուտից հետո լապտերով շրջենք բարխաններով, ապա կտեսնենք գիշերային բնակիչներին: Հսկայական ցատկերով ստվերների պես սլանում են թավոտնյա ճագարամկները, ավազի վրայով սողում են սևամարմին բզեզները, այս ու այն կողմ են վազում գեկոն մողեսները. կավային և քարային անապատներում կյանքն ավելի աղքատ է: Քիչ կրծողներ են ընդունակ քարային թնահողում իրենց համար թաքստոց փորելու: Այդպիսի անապատներն իրոք որ անկենդան են թվում, արդարացնելով իրենց անունը։ Այնտեղ, ուր ջուր կա, անապատը նահանջում է շռայլ արևի տակ, արհեստական ոռոգման պայմաններում, կանաչին են տալիս բամբակենու դաշտերը, հյութով են լցվում մրգերը, սեխն ու ձմերուկը: Հողի ծարավը հագեցնելու համար մարդիկ այստեղ վաղուց արհեստական ոռոգում են կիրառում։

Մեր երկրում վիթխարի գրոհ է ձեռնարկվել անապատի վրա: Մեքենաներն օգնում են մարդկանց ջրանցքներ անցկացնելու, ջրամբարներ կառուցելու։ Տարեցտարի ավազներից խլված ավելի շատ հող է ծառայում մարդկանց: