Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ամպրոպ

Vikidia-ից
Ամպրոպ

Ամառային անտանելի տոթ օր է: Քուլա-քուլա կուտակվում են ծանր, կույտավոր ամպերը: Ահա դրանք վերածվեցին սև ամպերի, ծածկեցին և՛ կապույտ երկինքը, և՛ պայծառ արեգակը: Մի րոպե անդորր տիրեց, և հանկարծ պոռթկաց պտուտահողմը, իսկ երկնքից սկսեցին կաթկթալ անձրևի խոշոր նոսր կաթիլներ: Ապա հորդեց ամբողջ մի հեղեղ, ասես երկնքում միանգամից շրջեցին ջրով լի միլիոնավոր դույլեր: Փայլատակեց կայծակը, դղրդաց որոտը, սկսվեց ամառային ուրախ ամպրոպը: Ի՞նչ տեղի ունեցավ երկնքում: Ինչպե՞ս է առաջանում ամպրոպը: Երկրի մակերևույթից շատ վեր բարձրացած ջրային գոլորշին ուժեղ սառչում է և փոխակերպվում ջրի մանրիկ կաթիլների։ Այդ կաթիլները ձուլվում են իրար, խոշորանում, օդի հոսանքները դրանց քշում են վեր ու վար, վեր ու վար: Իսկ որքան բարձրությունը մեծ է, այնքան ավելի ցուրտ է, և ահա ջուրը փոխարկվում է սառցաբյուրեղիկների։ Դրանք բախվում են կաթիլներին, պատվում ջրի թաղանթով, որը նույնպես սառչում է: Սառցաբյուրեղիկն ավելի է ծանրանում, ընկնում ամպի «ներքևի հարկը», որտեղ ավելի տաք է և այդտեղ սկսում է հալվել: Բայց նորից նրան ճանկում ու վեր են տանում սրընթաց պտուտահողմերը, նորից իրար են բախվում սառցաբյուրեղիկներն ու կաթիլները, ջուրը սառչում է, սառցաբյուրեղիկները խոշորանում են, ծանրանում։

Եվ ահա սառցաբյուրեղիկներն այլևս չեն կարողանում մնալ ամպի մեջ ու այդ տեղից ցած են ընկնում։ Երկրին մոտենալիս նրանք սկսում են հալվել և ստացվում է անձրև։ Երբեմն նրանք չեն հասցնում հալվել և այդպես էլ ցած են թափվում, կարկուտ է գալիս։ Իսկ ամպի ներսում սառցաբյուրեղիկների և կաթիլների շարժումը չի դադարում։ Նրանք հարվածում են իրար, բախվում, շփվում, լիցքավորվում էլեկտրականությամբ:

Եվ ահա ամպի վերևի մասն արդեն կրում է դրական էլեկտրական լիցք, իսկ ներքևինը՝ բացասական, դրանց միջև կայծ է անցնում։

Կմոլեգնի, կանցնի ամպրոպը, կցրվեն մութ ամպերը, օդը կթարմանա, կհեշտանա շնչելը: Տեղատարափ անձրևը կլվանա և՛ երկիրը, և՛ երկինքը: