Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աղավնիներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
ColumbaOenas.jpg

Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ: Հայաստանի Հանրապետությնում տարածված է 6 տեսակ՝ հոբալը, անտառային աղավնին, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օղակավոր տատրակը և փոքր տատրակը: Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում:

Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը Հայաստանի Հանրապետությնում հայտնվել է 1970 թ-ին. տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում: Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թ-ին, 1994–95 թթ-ին գրանցվել է որպես բնադրող:

Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով («աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ»), որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում:

Ինչպես բազմաթիվ թռչուններ, աղավնին նույպես հայտնի է չուի ընթացքում ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վերադառնալու կարողությամբ:

Այդ հատկության շնորհիվ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աղավնիների տնայնացված տեսակներն օգտագործել են տեղեկությունները հեռու տարածություններ փոխանցելու համար: Ճապոնիայում  անգամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամու գնդակից պաշտպանվելու և ցերեկային գիշատիչ թռչունների զոհը դառնալուց խուսափելու համար:
Ընտանի աղավնիները (կա փոստային, գեղազարդիչ, մարզական, մսատու աղավնիների մոտ 150 ցեղ) մարդը բուծել է արհեստական ճանապարհով: Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են հատկապես փոստային և մսատու ցեղերի աղավնիները: Աղավնիները տարբեր գույների և չափերի են, սակայն նման են կառուցվածքով ու ապրելակերպով: Գերազանց թռչում են և լավ քայլում գետնին: 
Սպիտակ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշ: