Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աղավնի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
ColumbaOenas.jpg

Լինո՞ւմ է, արդյոք, թռչնի կաթ: Դուք, անշուշտ, կպատասխանեք, թե չի լինում: Չէ՞ որ թռչնի կաթը հիշատակվում է իբրև անհնարին մի բան։ Եվ այնուամենայնիվ, թռչնի կաթ կա: Երբ աղավնիները ձագեր են ունենում, նրանց կտնառքում (զոբում) գոյանում է թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման մի զանգված։ Այդ «կաթով» էլ հենց նրանք կերակրում են աղունիկներին:

Բայց աղավնին հռչակված է ճանապարհը ճիշտ գտնելու և, նույնիսկ, շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից վերադառնալու կարողությամբ։

Փոստային աղավնին հարյուրավոր տարիներ ծառայել է մարդկանց։ Այժմ, երբ լուրերը տեղ են հասնում ռադիոյի և հեռագրի, գնացքների ու ինքնաթիռների միջոցով, աղավնային փոստը կորցրել է իր ընտանի նշանակությունը: Սակայն հենց վերջերս՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, աղավնիներին օգտագործում էին տեղեկությունները տեղ հասցնելու համար: Ճապոնիայում բուծել էին անգամ նոր ցեղի աղավնիներ, որոնք ընդունակ էին թռչելու գիշերը: Թշնամին չէր կարող տեսնել և սպանել օդային փոստատարին, նա չէր դառնում նաև ցերեկային գիշատիչ թռչունների զոհը:

Փոստային, դեկորատիվ, մսատու աղավնիները մարդը բուծել է արհեստական ճանապարհով, սրանք ընտանի թռչուններ են: Բայց քիչ չեն նաև վայրի աղավնիները: Անտառներում, օրինակ, ապրում են հոբալներ, անտառաղավնիներ, տատրակներ, որոնք նույնպես աղավնիներ են: Նրանք տարբեր գույն ունեն, տարբեր չափեր, բայց նման են օրգանիզմի կառուցվածքով ու ապրելակերպով: Նրանք բոլորն էլ իրենց ձագերին կերակրում են «թռչնի կաթով», բոլորն էլ հատիկակեր թռչուններ են, թռչում են հոյակապ և լավ քայլում գետնին: