Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ակրոբատ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Կրկեսային արվեստի դպրոցներում տղաներն ու աղջիկները սովորում են մաթեմատիկա և աշխարհագրություն, պատմություն և մայրենի լեզու, ֆիզիկա և կենսաբանություն, այն ամենը, ինչ պետք է իմանա մեր երկրի յուրաքանչյուր դպրոցական։ Բայց այստեղ կա առանձնահատուկ մի դաս, որ պարտադիր է հենց առաջին դասարանից։ Դա ակրոբատիկան է: Երեխաները սովորում են կծկվել և գլուխկոնծի տալ, կանգնել ձեռքերի վրա և պահել հավասարակշռությունը, շատ բարձր ցատկել և շրջվել օդում (այդպիսի ցատկը կոչվում է սալտո-մորտալե՝ մահաթռիչք)։

«Ակրոբատ» բառը հունարեն է և նշանակում է «քայլում եմ ոտքի մատների վրա», «մագլցում եմ վեր»։ Ակրոբատիկան կրկեսային վարպետության այբուբենն է: Ամեն ոք, ով երազում է հանդես գալ կրկեսի ասպարեզում, նախ և առաջ պետք է սովորի կատարելապես տիրապետել իր մարմնին։ Դրա համար էլ ակրոբատիկան անհրաժեշտ է և մարմնամարզիկին, որ հենց կրկեսի գմբեթի տակ ճոճաձողից ճոճաձող է թռչում, և ճոպանի վրայով վազող լարախաղացին, և զանազան իրեր հեշտությամբ վեր-վեր նետող ժոնգլյորին, և՛ սրընթաց ձիարշավորդին, և՛ նույնիսկ, ծաղրածուին: Ակրոբատիկան կրկեսային արվեստներից ամենահինն է:

Բայց ինքը ակրոբատիկան էլ տարբեր է լինում։ Ակրոբատիկական մի շարք համարներում գլխավորը զանազան բարդ ցատկերն են գետնից, ոստնակից կամ խաղընկերոջ ձեռքերից, մյուսներում մի խաղընկերը արագ կամ դանդաղ բարձրացնում է մյուսին, կամ էլ «ներքևի» խաղընկերը ձեռքերի կամ գլխի վրա է պահում «վերևի» երեք-չորս-հինգ խաղընկերների խումբը։ Մինչև վերջերս ակրոբատիկան միայն կրկեսային արվեստ էր: Իսկ այժմ այն ճանաչված է նաև որպես մարզաձև։ Միջազգային մրցումներում նրանք սովորաբար գրավում են մրցանակային տեղեր։

Մինչև 1974 թվականին նույնիսկ կրկեսային ակրոբատիկայի բարձրագույն նվաճումը կրկնակի շրջաթռիչքն էր առանց ոստնակի: Իսկ 1974 թ. ակրոբատիկայի ԽՍՀՄ չեմպիոնատում մինսկցի դպրոցական Վադիմ Բինդլերը աշխարհում առաջինը կատարեց եռակի շրջաթռիչք՝ թափավազքով, մի բան, որն առաջ անհնարին էր համարվում։


Ակրոբատիկայի «քառյակ» խմբակային ձևում 1978-1979 թվականներին ԽՍՀՄ գավաթի մրցանակակիրներ, իսկ 1978 թվականին ԽՍՀՄ չեմպիոններ են դարձել միջազգային կարգի սպորտի հայ վարպետներ Սերյոժա Բալասանյանը, Նորիկ Սարգսյանը, Արամայիս Ավդալյանը, Լևոն Ղազախյանը։

1980 թվականին դպրոցականների համամիութենական 16-րդ սպարտակիադայում Հայաստանի պատանիների քառյակը դարձավ արծաթե մեդալակիր: