Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ակնոց

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Reading glasses.jpg

Ակնոց, օպտիկական սարքերից ամենատարածվածը. նախատեսված է տեսողության օպտիկական թերությունները շտկելու, ինչպես նաև աչքերի պաշտպանության համար։

Առաջին տեղեկությունները ակնոցների մասին վերաբերում են 1289 թվականին: 1900-ական թվականներին հայտնի դիզայներ Կոկո Շանելը հայտնագործեց արևային ակնոցը, որը մեծ ճանաչում ստացավ ամբողջ աշխարհում‌:

Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով երկուռուցիկ տեսապակիով, այնուհետև գնում են զուգամիտվող ուղղությամբ և տեսապակու հետևում հավաքվում 1 կետում՝ կիզակետում։ Այդպիսի տեսապակին անվանում են հավաքող և նշանակում դրական նշանով։

Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով երկգոգավոր տեսապակիով, այնուհետև գնում են տարամետ ուղղությամբ և տեսապակուց առաջ առաջացնում կեղծ կիզակետ։ Երկգոգավոր տեսապակին անվանում են ցրող և նշանակում բացասական նշանով։

Բացի նշված գնդաձև տեսապակիներից, գոյություն ունեն գլանաձև տեսապակիներ՝ հավաքող և ցրող հատկությամբ։ Դրանք ճառագայթները բեկում են միայն 1 ուղղությամբ, ուստի զուգահեռ ճառագայթները դրանցով անցնելիս կիզակետում առաջացնում են ոչ թե կետ, այլ գիծ։ Այժմ պատրաստում են օպտիկական տեսակետից ավելի կատարյալ՝ մահիկաձև և, այսպես կոչված, պունկտալային տեսապակիներ, իսկ գլանաձևի փոխարեն տակառաձև տորիկ տեսապակիներ։

Տեսապակու կենտրոնից մինչև կիզակետ եղած հեռավորությունը կոչվում է կիզակետային։ Որքան այն փոքր է, այնքան մեծ է նրա բեկման ուժը։ Աչքի տարաբեկության ժամանակ թույլ տեսողությունը կարելի է լավացնել գլանաձև կամ տակառաձև տեսապակիներ ունեցող ակնոցներով։

Որոշ դեպքերում անհրաժեշտ է միաժամանակ օգտագործել հեռուն և մոտիկը տեսնելու ակնոցներ կամ, որ ավելի հարմար է, նույն ակնոցը, որի տեսապակիների բեկման ուժերը տարբեր են։ Նման տեսապակիների վերին մասը ծառայում է հեռուն, ներքևինը՝ մոտ տարածությունը տեսնելու համար։


Գոյություն ունի հատուկ նշանակության խոշորացույց ակնոց, որը հեռադիտակի նման է, ունի 2՝ հավաքող և ցրող տեսապակիներ՝ ամրացված անշարժ ընդհանուր շրջանակին։ Այդպիսի համակարգը խոշորացնում է կրկնակի և կարող է օգնել ցանցաթաղանթի կամ տեսողական նյարդի հիվանդությունների դեպքում՝ տեսողության կտրուկ թուլանալուց։ Այժմ երեխաներին ակնոց ավելի հաճախ Են նշանակում, քան նախկինում։ Դա կապված է ավելի վաղ և ժամանակին տեսողության անբավարարության հայտնաբերման, տեսողական ծանրաբեռնվածության մեծացման հետ, որը դպրոցական և նույնիսկ նախադպրոցական տարիքում կարող է կարճատեսություն առաջացնել։ Սխալ ընտրված ակնոցը կարող է խախտել աչքի օպտիկական համակարգի բնականոն զարգացումը՝ առաջացնելով տեսողության թուլացում։ Սովորաբար երեխաների համար ակնոց ընտրում են մի քանի փուլերով։ Ակնոց կրող երեխաները պետք է տարին գոնե 1 անգամ խորհրդակցեն ակնաբանի հետ։

Ակնոցը պետք է նշանակի միայն բժիշկը։ Շատ կարևոր է շրջանակի ճիշտ ընտրությունը, որը կատարում է մասնագետը՝ ակնոցի պատվեր վերցնելիս։ Ճիշտ ընտրված շրջանակը չի ճնշում ոչ քիթը, ոչ ականջները, ապահովում է ապակիների ճիշտ դիրքն աչքերի առաջ, այսինքն համապատասխանում է բբերի միջև եղած հեռավորությանը։ Հաջող ընտրված շրջանակը կարող է քողարկել դեմքի որոշ թերություններ և դարձնել ավելի գրավիչ։ Ակնոց գործածելուց հետո պետք է այն մաքրել մաքուր գործվածքով։

Երբեմն ակնոցին անմիջապես չեն հարմարվում, օրինակ՝ հասուն տարիքում օգտագործելիս, ինչպես նաև ակնոց փոխելիս։ Ակնոցին հարմարվելու ընթացքում կարող են առաջանալ օպտիկական պատրանքներ՝ առարկաները փոքր կամ խոշոր են երևում, և թվում է՝ դրանք շարժվում են աչքերը և գլուխը շրջելիս, լինում են երկրի մակերևույթի մոտեցման կամ հեռացման, սենյակի թեքվածության զգացողություններ։ Այս բոլորը կարող են առաջացնել գլխապտույտ և նույնիսկ սրտխառնոց։ Սովորաբար նման երևույթները 2-3 շաբաթից անցնում են։ Եթե նշված ժամկետից հետո չեն հարմարվում ակնոցին, ուստի պետք է խորհրդակցել բժշկի հետ, պարզել չհարմարվելու պատճառը։

Պաշտպանիչ ակնոցը պետք է լինի հարմար, թեթև, չաղավաղի դիտվող առարկաները, չսահմանափակի տեսադաշտը։ Չափից ավելի ուժեղ լույսից աչքերը պաշտպանելու նպատակով գործածում Են ծխագույն, կապույտ, դեղնամոխրագույն կամ մոխրականաչավուն ապակիներով ակնոցներ։ Աշխատանքի ընթացքում աչքը մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար օգտագործում են հաստ, դիմացկուն ապակիներով և պաշտպանիչ կողերով ակնոցներ։ Պաշտպանիչ ակնոցն անհրաժեշտ է ընտրել անհատապես և այնպես հարմարեցնել, որպեսզի աչքի մեջ օտար մարմիններ թափանցելու ճեղքեր չմնան: