Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ալքիմիկոսներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Կար ժամանակ, երբ մարդիկ կարծում էին, թե սնդիկը երկաթը կամ պղինձը կարող են փոխարկվել արծաթի կամ ոսկու: Դրա համար անհրաժեշտ է միայն մետաղը միահալել հատուկ նյութի՝ «կարմիր առյուծի» հետ, և այն կդառնա ոսկի, իսկ եթե միահալվի ուրիշ նյութի՝ «սպիտակ առյուծի» հետ, կստացվի արծաթ։ «Կարմիր առյուծն» այլ կերպ անվանում էին նաև փիլիսոփայական քար: Ասում էին, որ դա ամեն տեսակ հիվանդության դեղ է, հրաշագործ դարման, որը երիտասարդացնում է ծերերին և նույնիսկ կարող է անմահացնել մարդուն:

Ուստի զարմանալի չէ, որ «փիլիսոփայական քարը» փնտրում էին շատերը, այդ թվում և հին աշխարհի նշանավոր գիտնականները: Նրանք իրենց անվանում էին ալքիմիկոսներ:

Ալքիմիկոսներն իրենց փորձանոթներում և թորանոթներում անվերջ իրար էին խառնում այն ամենը, ինչ գտնում էին՝ հող, մինչև փոշու աստիճան մանրացրած հանքաքար, կենդանիների չորացրած փորոտիք, գոմաղբ, ծառերի կեղև: Այս բոլորը նրանք տաքացնում էին, վրան ավելացնում բազմապիսի հեղուկներ, եռացնում...

Միաժամանակ ալքիմիկոսները զանազան կախարդական խոսքեր էին արտասանում, որոնք պետք է օգնեին այդ անիմաստ խառնուրդների փոխակերպմանը խորհրդավոր «փիլիսոփայական քարի»։ Միայն թե ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի տեսք ունի այդ ամենազոր քարը:

Թագավորներն ու սուլթանները, լսելով այն հարստության մասին, որ կարող են ստանալ ալքիմիկոսները, հրավիրում էին նրանց արքունիք և իրենց դղյակներում ու պալատներում, լաբորատորիաներ ստեղծում նրանց համար։ Եվ պահանջում էին միայն մի բան՝ ոսկի, որքան հնարավոր է շատ ոսկի։

Սակայն ալքիմիկոսների ոսկին ոչ մի կերպ չէր ստացվում: Թեպետև մենք այժմ հասկանում ենք, որ ալքիմիկոսները մոլորության մեջ էին, այնուամենայնիվ պետք չէ ծիծաղել նրանց վրա:

Ալքիմիայով զբաղվում էին նաև իսկական գիտնականներ։ Նրանց շնորհիվ են հայտնի դարձել մետաղների և այլ նյութերի շատ հատկություններ, հայտնագործվել մեծ թվով ներկեր, կաշի մշակելու շատ նյութեր:

Ալքիմիկոսներն են ապակի, արծնապակի, համաձուլվածքներ, թթուներ, ալկալիներ, դեղանյութեր ստանալու հիմք դնողները: Նրանք հնարել են լաբորատոր շատ սարքեր, օրինակ թորման կաթսաները, տաքացնող վառարանները: