Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ազոտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մոտ 200 տարի առաջ գիտնականները հայտնաբերեցին, որ մթնոլորտում պարունակվում է այնպիսի մի գազ, որը պիտանի չէ շնչառության համար և չի նպաստում այրմանը։ Պարզվեց նաև, որ մթնոլորտը հիմնականում (4/5 մասով) կազմված է այդ գազից։ Նոր հայտնաբերված գազն անվանեցին «ազոտ», որը հունարեն բառ է և նշանակում է «անկենդան»։ Լաբորատոր պայմաններում ազոտը «չէր ցանկանում» միանալ ուրիշ տարրերի հետ։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ բնության մեջ ազոտը հաճախ հանդիպում է ուրիշ տարրերի հետ միացություններ կազմած՝ գոյացնելով, օրինակ բորակ: Սա մարդուն հայտնի էր վաղուց և օգտագործվում էր դաշտերը պարարտացնելու համար: Այստեղից էլ առաջացել է ազոտի լատիներեն անվանումը՝ «նիտրոգենիում», հայերեն՝ բորակածին:

Իսկ ինչպե՞ս է այնուամենայնիվ, մթնոլորտային ազոտը միանում ուրիշ նյութերի հետ։

Նախ ամպրոպների ժամանակ։ Կայծակը մի ակնթարթում այնպես է տաքացնում օդը, որ այդ մասում ազոտի մոլեկուլներն անմիջապես սկսում են բուռն կերպով միանալ թթվածնի, ջրածնի և այլ տարրերի մոլեկուլներին: Անձրևը լուծում է այդ միացությունները և նրանք անցնում են հողի մեջ:

Երկրորդ և սա բնության համար ամենագլխավոր ճանապարհն է՝ հողում գտնվող որոշ բակտերիաներ ազոտ են «որսում»։ Ի տարբերություն բույսերի և կենդանիների՝ սրանք ազոտը կլանում են անմիջապես օդից և նրանց օրգանիզմում այն միանում է այլ նյութերի հետ: Այս այսպես են ստեղծվում ազոտի պաշարները հողում։

Ազոտը մտնում է այն նյութերի բաղադրության մեջ, որոնցից կազմված է սպիտակուցը։ Իսկ սպիտակուցներն ամբողջ կենդանի բնության հիմքն են։ Ուրեմն, առանց ազոտի Երկրի վրա կյանք չէր լինի։

Բույսերը հողից ստանում են ազոտային միացություններով հարուստ սննդանյութեր և նրանցից արևի լույսի օգնությամբ, կառուցում նոր բջիջներ։

Խոտակեր կենդանիներն իրենց կյանքի համար անհրաժեշտ ազոտն ստանում են խոտ ու տերև ուտելով, գիշատիչ կենդանիներն էլ որսում են խոտակերներին սնվում նրանց մսով և ազոտ ստանում այդ եղանակով։

Ամեն անգամ, երբ կենդանին կամ բույսը մահանում է ազոտը դարձյալ վերա դառնում է հող և ամեն ինչ սկսվում է նորից։ Իսկ վառելանյութը, որ մարդիկ այրում են շարժիչներում և հնոցներում, իր մեջ պարունակող ազոտը վերադարձնում է արդեն ոչ թե հող այլ անմիջապես մթնոլորտ։ Այսպես բնության մեջ տեղի է ունենում ազոտի անընդհատ շրջապտույտ։

Ազոտի միացությունները մարդը օգտագործում է արհեստական մանրաթելեր, դեղորայք, պայթուցիկ նյութեր ներկեր և այլ նյութեր ստանալու համար։