Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ազգանուն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«Ազգանուն» ասելով մենք նկատի ունենք այն հատուկ անունը, որ տրվում է ոչ թե անձնապես այսինչ մարդուն, այլ նրա ամբողջ տոհմին: Այդ տոհմում ազգանունը փոխանցվում է սերնդեսերունդ, ծնողներից երեխաներին: Տոհմական այդ անունները, այսինքն ազգանունները, սկզբնապես չկային։ Ինչու՞ հնում մեծ քաղաքներ չկային։ Մարդիկ ապրում էին փոքրիկ բնակավայրերում և բոլորը միմյանց ճանաչում էին։ Ա՜յ այստեղ ապրում է Առաքելը, այնտեղ` Մարտիրոսը, իսկ սա այրի Ջառնիշանի տունն է: Բավական է հիշես մարդու անունը և նրան այլևս չես շփոթի ուրիշ մեկի հետ. հազիվ թե մի փոքրիկ գյուղում կողք կողքի ապրեին հինգ Առաքել կամ չորս Ջառնիշան: Բայց դա էլ սարսափելի բան չէր լինի. սա Ղազարոսի որդի Առաքելն է, իսկ սա` Թովմասի: Ծայրահեղ դեպքում միշտ էլ կարելի էր որևէ բնորոշ հատկանիշ գտնել աչքը. կույր Առաքելը կամ ձորատակի Ջառնիշանը, որ ձորի մոտ է ապրում։ Հնում այդպես էլ առաջացել է մարդուն անունից բացի մականուն տալու սովորությունը: Գնալով մարդիկ շատացան։ Առաջացան մեծ քաղաքներ: Մարդիկ էլ սկսեցին ավելի հաճախ տեղից տեղ գնալ: Միայն անունով կամ մականունով բավարարվելն արդեն հնարավոր չէր։ Հենց այդ ժամանակ էլ ասպարեզ եկան ազգանունները: Սկզբում ազգանուն կրում էին միայն ազնվական, հարուստ տոհմերի ներկայացուցիչները` Մամիկոնյաններ, Արծրունիներ, Մեդիչիներ, Ռյուրիկովիչներ և այլն։ Հետո ազգանունը դադարեց ազնվատոհմիկության հատկանիշ լինել: Պարզվեց, որ շատ հարմար է, երբ ամեն մեկն իր ազգանունն ունի: Բայց որտեղից գտնես այդքան շատ տարբեր ազգանուններ: Շատ հաճախ դրանք ծագում էին հոր անունից։ Կար մի Պյոտր, նա Իվանի որդին էր: Այդպես էլ նրան կոչում էին Պյոտր Իվանով նրա նղբայրներին՝ Դոբրինյային և Պուտյատային` նույնպես Իվանովներ: Սրանց զավակներն արդեն Պետրովներ, Դոբրինիններ, Պուտյատիններ էին: Բայց պատահում էր և այնպես, որ հայր Իվանն ավելի հայտնի էր լինում, քան ասենք, նրա որդի Պյոտրը, և դրա համար էլ Պյոտրի որդիները նույնպես կոչվում էին Իվանովներ. հայրանունը վերածվում էր ազգանվան: Շատ հաճախ ազգանուն էր դառնում նաև մոր անունը, օրինակ, Եվդոկիմ Մարին (Մարիայի Եվդոկիմը): Ահա թե ինչու ռուսական այնքան շատ ազգանուններ ունեն «ով» կամ «ին» վերջավորությունները: Իմացանք ուրեմն, որ ազգանունները հիմնականում առաջացել են որևէ նախնու անունից, որը տոհմում մեծ հեղինակություն է վայելել: Այդ նախնու անվանը ավելացվել է պատկանելություն կամ ազգակցական կապ (որդի, դուստր) արտահայտող նախածանց կամ վերջածանց, օրինակ սլավոնների մոտ «իչ», «սկի», «ով» հայերի՝ «յան», «յանց», «ենց», «ունի», հույների «իդես», պարսիկների՝ «զադե», վրացիների` «ձե», «շվիլի» և այլն: Ազգանունները երբեմն կազմվել են նաև գործունեությամբ աչքի ընկած կնոջ անունից (Մանանդյան, Շուշանյան):

Եղել է և այնպես որ տոհմից մեկը համբավ է ձեռք բերել իր արհեստով լավ դարբին է եղել. աչքի ընկնող ոսկերիչ ժամագործ և այլն։ Եվ ահա նրա շառավիղ ներն սկսել են կոչվել Դարբինյան Ոսկերչյան Ժամագործյան:

Ազգանունների են փոխվել նաև շատ մականուններ (Կարճիկյան Չոլախյան)։ Ուկրաինացիները հաճախ հենց մականունը առանց որևէ փոփոխության, դարձրել են ազգանուն Շատ ազգանուններ էլ առաջացել են տեղանուններից։ Դրանք ցույց են տալիս, թե որտեղից ինչ վայրից է եկել այդ մարդկանց տոհմը (Բայբուրթյան Երևանցյան):

Միջնադարյան Հայաստանում նշանավոր ընտանիքների ազգանվանը ավելացվում էր «ազգ» երբեմն էլ «տուն» բառը «ազգն Մամիկոնյաց» «ազգն Ռշտունյաց», «տունն Արծրունյաց» և այլն։ Երբեմն մարդկանց անվանը կցվում էր նրանց ծննդյան կամ գործելու հիմնական վայրի անունը, որը և ազգանվան դեր էր կատարում (Մովսես Խորենացի, Եզնիկ Կողբացի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Լամբրոնացի, Ղազար Փարպեցի, Ոսկան Երևանցի և այլն):

Հայերի «ունի» վերջածանցով ազգանունները հնում հատուկ էին նախարարական տոհմերին (Ամատունի, Բագրատունի, Ռշտունի, Արծրունի) «ենց» «ունց», «ոնց» վերջածանցով ազգանունները տարածված են Զանգեզուրում օրինակ՝ Բակունց, Շադունց, Սևունց, Թոնունց, Քոլունց։

Հայերի համար ամենատարածվածը «յան»-ով վերջացող ազգանուններն են։ Այդ «յան»–ը առաջացել է «յանց» ձևից, որ նույնն է ինչ «ենց»–ը (Արամյանը նշանակել է «Արամենց» «Արամի տոհմին պատկանող»)։

Շատ բազմազան են այդ տոհմական անունները ազգանունները։ Նրանց մեջ հանդիպում են շատ տարօրինակ երբեմն արտառոց զվարճալի երբեմն նաև անվերծանելի անվանաձևեր։ Մեծ մասի ծագումը սակայն հնարավոր է բացատրել. Դրանով զբաղվում են լեզվաբանները։ Երբեմն ազգանուններում պահպանվում են այնպիսի հին բառաձևեր, որոնց մասին մենք արդեն մոռացել ենք։

Եթե այս զրույցը ձեզ հետաքրքրեց, կարող եք հետագայում երբ մեծանաք զբաղվել անունների և ազգանունների վերաբերյալ գիտությամբ որը կոչվում է օնոմաստիկա կամ անվանագիտություն։