Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ագրոնոմ

Vikidia-ից

Ցորենի ոսկեգույն հատիկներ։ Կաղամբի անբարետես մուգ ուլունքների նմանվող սերմեր։ Եվ յուրաքանչյուրի մեջ կյանք։ Ի՞նչ է պետք, որ այն արթնանա։ Որտե՞ղ, ինչպիսի՞ հողի մեջ պետք է ցանել սերմերը, ինչպե՞ս հետո խնամել դրանք։ Եվ, վերջապես, ի՞նչ է ստացվելու ամեն մի սերմնահատիկից, փարթամ հասկի՞ է վերածվելու արդյոք, ծաղկելու է կապույտ տերեփուկի՞ պես, թե ամենևին չի ծլարձակելու։

Այս բոլոր հարցերին էլ հենց պատասխանում է ագրոնոմը՝ երկրագործության մասին գիտության ագրոնոմիայի, ներկայացուցիչը։

Ագրոնոմիան շատ ընդարձակ և կարևոր գիտություն է։ Այն ուսումնասիրում է երկրագործության, բույսերի աճեցման հետ կապված տառացիորեն ամեն բան՝ գյուղատնտեսական մեքենաները, հողի հատկությունները, բույսերն ու նրանց առանձնահատկությունները և այն ամենը, ինչ կարող է որևէ կերպ ազդել բույսերի վրա եղանակը վնասատուներն ու հիվանդությունները, պարարտանյութերն ու գյուղատնտեսության մեջ օգտագործվող քիմիական այլ նյութեր։

Ագրոնոմիան մեզ համար կարևոր է, որովհետև այսօր արդեն անհնար է գյուղատնտեսական աշխատանքները կատարել առանց հողի և բույսերի մասին գիտության, առանց այն գիտելիքների, որ կուտակել են մարդկանց շատ սերունդներ։ Այդ գիտելիքներին տիրապետում է ագրոնոմը։ Այդ պատճառով էլ ոչ մի տնտեսություն առանց նրա դաշտում չի կատարում գյուղատնտեսական որևէ աշխատանք։ Բայց չէ՞ որ դաշտերում ամենից առաջ մարդիկ են աշխատում, ուրեմն ագրոնոմը պետք է կարողանա նաև ճիշտ կազմակերպել նրանց աշխատանքը։ Տեսնո՞ւմ եք, թե որքա՜ն գործ ունի անելու ագրոնոմը։ Նրա աշխատանքային տեղը ընդարձակ դաշտերն են։ Մեկում այսօր ավարտում են հացահատիկի բերքահավաքը, մյուսում արդեն վարում են, երրորդում ցանում են, չորրորդում… Բոլորն ինչպե՞ս թվարկես։ Եվ ագրոնոմը ամեն տեղ պետք է հասնի հուշելու, ստուգելու, օգնելու, որ ամենուր աշխատանքը «գերազանցի» կատարվի, թե չէ մեկ էլ տեսար՝ այնտեղ, ուր հացահատիկ են հավաքում, դաշտում մնացին չկալսված հասկեր, կամ ինչպես պետքն է չեն հերկի, և ձմռան քամին դաշտից կքշի կտանի ձյունը, մինչև գարուն հողում խոնավություն չի կուտակվի։ Երեսանց կցանեն աշնանացան սերմը, և այն ցրտին չի դիմանա ու կոչնչանա, կարտոֆիլի բուկլիցը լավ չեն անի, ժամանակից շուտ կընդհատվի, նրա աճը ցածր բերք կտա։

«Ինչպե՞ս» հարցին չէ միայն, որ պատասխանում է ագրոնոմը, նա է որոշում թե ինչպիսի բույս ցանել, որ սորտը և ի՞նչ եղանակով։ Նա լավ գիտե թե որ դաշտին ինչ պարարտանյութ է պետք։ Մի խոսքով, ագրոնոմը շատ ու շատ հոգսեր ունի, մի ամբողջ տարվա։ Բայց, փոխարենը, երբ կոլտնտեսությունից քաղաք են մեկնում հացահատիկով, կարտոֆիլով, կաղամբով բեռնավորված մեքենաները, ագրոնոմը հպարտությամբ է նայում նրանց ետևից։ Նա գիտե, որ նոր հարուստ բերքի մեջ կա նաև իր աշխատանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։