Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

«Գրքի շաբաթ»

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ծանր ու տագնապալի 1943 թ մարտյան մռայլ մի օր էր: Պատերազմ էր, պարենը տրվում էր քարտերով, տանը վառելու բան չկար: Այդ օրը Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճ էին հավաքվել հնամաշ շորերով, ծռմռված կոշիկներով ու կարկատած թաղիքե ոտնամաններով մոսկվացի պատանիներ ու աղջիկներ։ Ջահերի անսովոր պայծառ լույսից աչքերը կկոցած, նրանք լսում էին գրքերով իրենց քաջ ծանոթ գրողների ու բանաստեղծների ելույթները։ Առաջին անգամ այսպես էր նշվում մանկական «գրքի շաբաթը»: Այդ օրվանից սկսած ամեն տարի, դպրոցականների գարնանային արձակուրդների ժամանակ, մանկագիրները մեկ շաբաթով մի կողմ են դնում իրենց ապագա գրքերի ձեռագրերը և հյուր լինում պիոներների ու դպրոցականների պալատներում, դպրոցներում, մանկական գրադարաններում, մեկնում ուրիշ գյուղեր ու քաղաքներ: Եվ ամենուր նրանց սպասում են երեխաները։ Գրողներն ու բանաստեղծներն ընթերցում են իրենց ստեղծագործությունները, պատմում նոր գրքերի մասին։ «Գրքի շաբաթն» առանձնապես հետաքրքրական է անցնում Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում և Լենինյան բլուրներում գտնվող պիոներների պալատում: Այնտեղ բացվում են նոր գրքերի ցուցահանդեսներ: «Գրքի շաբաթվա» օրերին երեխաներին հյուր են գալիս նաև երաժիշտներ ու արտիստներ, Հայրենական մեծ պատերազմի հերոսներ ու գիտնականներ, գործարաններում ու դաշտերում աշխատող անվանի մարդիկ: Նրանք պատմում են իրենց կյանքի ու աշխատանքի մասին։ Այդ օրերին կինոթատրոններում և թատրոններում ցուցադրվում են մանկական կինոնկարներ ու ներկայացումներ: Մանկական գրքի համամիութենական շաբաթը մեծ տոն է Սովետական Միության բոլոր երեխաների համար: Նրանք նախապատրաստվում են, ձգտում ավելի շատ գրքեր կարդալ, շատ բան իմանալ սիրելի գրողի և հերոսի մասին: Այս տոնից հետո գրքի հավատարիմ բարեկամների թիվն ավելի է շատանում: Կարելի է ասել, որ «Գրքի շաբաթը» տևում է ամբողջ տարին, որովհետև տարին բոլոր մենք անբաժան ենք գրքից: 1982 թ մարտի 24-30-ը մանկական գրքի համամիութենական շաբաթն անց կացվեց Հայաստանում։ Մեր հանրապետության մայրաքաղաք Երևանը հյուրընկալեց 15 հանրապետությունների անվանի մանկագիրների, Բուլղարիայից, Չեխոսլովակիայից, Հունգարիայից ժամանած գրողների։ Շաբաթի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում: Հյուրերն իրենց հայ գրչակիցների ուղեկցությամբ եղան Երևանում, Լենինականում, Կիրովականում, Հոկտեմբերյանում, Աշտարակում և այլուր, հանդիպումներ ունեցան իրենց փոքրիկ ընթերցողների հետ: