Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

«Աշխարհի յոթ հրաշալիքները»

Vikidia-ից
Աշխարհի յոթ հրաշալիքները (ձախից աջ, վերևից ներքև)՝ Քեոփսի բուրգ, Շամիրամի կախովի այգիներ, Արտեմիսի տաճար, Զևսի արձան, Հալիկառնասոսի դամբարան, Հռոդոսի կոթող և Ալեքսանդրիայի փարոս։

Այդպես են անվանում հին ժամանակներում փառաբանված շինություններն ու արձանները: Ցավոք, մարդկային մտքի և հմուտ ձեռքերի այդ հրաշալի ստեղծագործություններից մեզ հասել են միայն եգիպտական բուրգերը` հին եգիպտական թագավորների, փարավոնների դամբարանները։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվում է սրագագաթ, սպիտակ ու դեղին արհեստական լեռների երկար մի շղթա: Դրանք էլ հենց եգիպտական բուրգերն են: Ամենամեծը` Քեոփս փարավոնի բուրգը, որ 147 մ բարձրություն ունի, կառուցվել է մոտ 5 հզ տարի առաջ, մեր թվականությունից առաջ 28-րդ դարում: Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը։ Այս փարավոնին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտված քարե մի պահապան։ Մարդու դեմքով և առյուծի մարմնով այդ պահապանը կոչվում է Սֆինքս։ Մարդու պես իմաստուն և առյուծի պես ուժեղ Սֆինքսի կերպարը սնահավատներին վախ էր ներշնչում, և մարդիկ նրան սարսափի հայր էին անվանում: «Աշխարհի հրաշալիքներից» մյուսը Շամիրամի կախովի պարտեզներն են, որ գտնվում էին հին Արևելքի ամենամեծ ու ամենահարուստ քաղաքում` Բաբելոնում: Ավանդությունն այդ պարտեզների ստեղծումը կապում է Շամիրամ թագուհու անվան հետ։ Իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով, մեր թվականությունից առաջ 6-րդ դարում: Այդ թագավորն իր պալատը կառուցել էր վեց հարկանի տան բարձրություն ունեցող արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էին աղյուսե կամարների վեց շարքեր` վեց կամարասրահներ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված և ծաղկուն պարտեզ էր գցված: Գիշեր-ցերեկ հարյուրավոր ստրուկներ պտտում էին կաշվե դույլերով հսկայական անիվները` Եփրատ գետից ջուր տանելով կախովի պարտեզներին: Երրորդ «հրաշալիքը» համարվել է հունական աստվածուհի Արտեմիսի տաճարը Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Այն կառուցվում էր գրեթե 120 տարի, մարմարից և ավարտվել է մեր թվականությունից առաջ մոտ 550 թ.: Տաճարը փառաբանված էր իր հոյակապ զարդաքանդակներով և թանկարժեք իրերի առատությամբ: Մեր թվականությունից առաջ 356 թ ոմն Հերոստրատոս, փառամոլության տենչով բռնված, հրկիզել է տաճարը։ Նրա անունն ընդմիշտ մնացել է իբրև անմիտ չարագործության խորհրդանիշ: Հունաստանի հարավում, օլիմպիական խաղերի հայրենիք Օլիմպիայի մի տաճարում էր գտնվում հին հույների գերագույն աստված Զևսի արձանը։ Օլիմպիական Զևսին կերտել է մեծանուն քանդակագործ Ֆիդիասը ավելի քան 2 հզ տարի առաջ, մեր թվականությունից առաջ 5 րդ դարում: Դա չորրորդ «հրաշալիքն» է: Վիթխարի տասնչորս մետրանոց Զևսը բազմած էր ոսկեհուռ փղոսկրով, սև փայտով ու թանկագին քարերով ընդելուզված գահին: Նրա գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը: Ահեղ աստծու խաղաղասիրության նշանը` գլուխը, ուսերը, ձեռքերը կուրծքը փղոսկրից էին: Ձախ ուսին նետած թիկնոցը, մազերն ու մորուքը քանդակված էին ոսկուց: Ֆիդիասը Զևսին օժտել էր մարդկային վեհությամբ։ Գանգուր մորուքով ու մազերով բոլորված նրա դեմքը միաժամանակ թե՛ խիստ էր, թե՛ բարի: Թվում էր` ուր որ է նա կժպտա, կելնի գահից և կշտկի հզոր ուսերը: Փոքր Ասիայում, Կարիայի թագավորության մայրաքաղաք Հալիկառնասում (այժմ Թուրքիայի Բոդրում քաղաք) էր գտնվում հինգերորդ «հրաշալիքը»՝ Մավսոլոս թագավորի հոյակերտ դամբարանը, որ կառուցել էր նրա այրին` Արտեմիսիա թագուհին, մեր թվականությունից առաջ 4-րդ դարի կեսին: Դա մի եռահարկ շինություն էր: Առաջին հարկը գոտևորում էր սպիտակ մարմարե բարձրաքանդակների ժապավենը, երկրորդ հարկը մարմարե սլացիկ սյունաշար էր, իսկ երրորդ հարկը բրգաձև տանիքն էր` նույնպես մարմարից։ Կառույցը պսակում էր քառանժույգ մարտակառքը, որ վարում էին մարմարակերտ Մավսոլոսն ու Արտեմիսիան (Մավսոլոսի և նրա կնոջ՝ Արտեմիսիայի արձանները, ինչպես նաև` դամբարանի այլ զարդարանքներ այժմ պահվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում): Մեր թվականությունից առաջ 5-րդ դա րում Հռոդոս կղզու վրա հարձակվեց զորապետ Դեմետրիոսը: Սակայն նրան չհաջողվեց հաղթել ազատասեր հռոդոսցիներին։ Ի հիշատակ կղզու հաջող պաշտպանության, հռոդոսցիները որոշեցին կանգնեցնել աշխարհի ամենամեծ արձանը։ Դա վեցերորդ «հրաշալիքն» է, որ հայտնի է Հռոդոսի կոթող անունով։ Ծովի և քաղաքի դարպասների միջև ընկած առևտրական հրապարակում կանգնած էր 36 մ հասակով բրոնզե մի պատանի։ Նրա հզոր ոտքերը փոքր ինչ բացված էին, իսկ աջ ձեռքի ափը հովանի էր արված աչքերին։ Թեթևակի ետ հակված նա նայում էր հեռուն։ Գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը։Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում։ Հնարավոր է նաև, որ արձանն ունեցել է այն տեսքը ինչպես պատկերված է նկարում։

Ձեզ բոլորիդ հայտնի «փարոս» բառը առաջացել է «աշխարհի յոթերորդ հրաշալիքից»։ Նեղոս գետի գետաբերանում գտնվող Փարոս կղզում, Ալեքսանդրիա քաղաքի մոտ, մեր թվականությունից առաջ մոտ 280 թ կառուցվեց հին Ժամանակների ամենամեծ փարոսը։ Այդ եռահարկ աշտարակի բարձրությունը 120 մ էր։ Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։ Շամիրամի կախովի պարտեզները ոչընչացել են Եփրատ գետի հեղեղումներից։ Արտեմիսի տաճարը վերականգնվել է, հետո նորից կործանվել։ Զևսի արձանն այրվել է։ Մավսոլոսի դամբարանը 15-րդ դարում քար առ քար քանդեցին խաչակիրները ամրոց կառուցելու համար, հսկա կոթողը տապալվեց երկրաշարժից։ Նույն բախտին արժանացավ նաև Ալեքսանդրիայի փարոսը։ Եվ միայն բուրգերը մնացին կանգուն։ Զուր չեն ասում, թե նրանցից վախենում է ժամանակն ինքը։

Եվ չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բուրգերից բացի, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար։ Եվ հնուց ի վեր ընդունված է մարդկային ձեռքի ամեն մի հոյակերտ ստեղծագործություն, որ բոլորին ապշեցնում է իր գեղեցկությամբ անվանել «աշխարհի ութերորդ հրաշալիք»։